Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Սերժ Սարգսյանը սկսել է ոչ ճիշտ ժամանակին: Հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը` միեւնույն ժամանակ ընդծելով, որ ինքը կողմ է այդ հարաբերությունների բարելավմանը: Նա նաեւ նշեց, որ նմանություն չի տեսնում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության միջեւ:
«Առաջին հայացքից թվում է, թե Սերժ Սարգսյանը նույն բանն է անում, բայց ինքը նույն բանը չի անում, որովհետեւ ինքը ցեղասպանության հարցը չի կարող հաշվի չառնել, քանի որ Քոչարյանը այդ հարցը դարձրեց օրակարգային: Սերժ Սարգսյանը վերցրել է այն ծրագիրը, ինչ-որ Տեր-Պետրոսյանն էր անում, բայց անհաջող է իրագործում»:
Իսկ դերասանուհի Լալա Մնացականյանին միեւնույն ժամանակ եւ ուրախացնում եւ վախեցնում է հայ-թուրքական սահմանի բացումը: Նա ասում է, որ Թուրքիայից ամեն ինչ, ամեն վայրկյան սպասելի է, ուստի մենք պետք է պատրաստ լինենք նրա ամեն քայլին եւ ճիշտ դիվանագիտություն վարենք:
«Մեր քաղաքականությունը ի վերջո պետք է լինի բավական խորամանկ, ճկուն: Ես պետք է գնամ փոխհարաբերությունների՝ միայն իմ երկրի շահից ելնելով: Քանի որ ոչ մի երկիր անկախ չէ եւ մանավանդ մենք կախված ենք մի քանի պետություններից, ստիպված պետք է հազար լարի վրա խաղանք», ասում է նա:
Հավելենք, որ Մարինե Պետրոսյանը համոզված է, թե սահմանը բացվելու է, եւ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու:



























