Նիգերիայում ծովահեններն առեւանգել են 10 նավաստու, որոնցից ինը Վրաստանի քաղաքացի են, հաղորդում է Գրուզիա-Online-ը։
Համաձայն Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության տեղեկատվության՝ ապրիլի 30-ին Նիգերիայի բացառիկ տնտեսական գոտում ծովահենները հարձակվել են Պանամայի դրոշի ներքո ուղեւորվող նավի վրա։
«Ծովահենների առեւանգած տասը նավաստիներից ինը Վրաստանի քաղաքացի է։ Նավի վրա մնացած չորս նավաստիներին, որոնք նույնպես Վրաստանի քաղաքացիներ են, վտանգ չի սպառնում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ծովային տրանսպորտի գործակալությունը Վրաստանի ԱԳՆ-ի հետ համատեղ աշխատում է նավի սեփականատիրոջ եւ գործընթացում ներգրավված այլ կողմերի հետ բոլոր հնարավոր միջոցներով վրացի գերիներին անվտանգ եւ ժամանակին ազատելու նպատակով։
Գործակալությունը նաեւ կոչ է արել ԶԼՄ-ներին չհրապարակել նավաստիների անձը նույնականացնող տեղեկատվություն՝ ելնելով գերեվարվածների անվտանգությունից։




























