«Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հրաժարվել է մեկնաբանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի առաջարկով ֆուտբոլում իրեն անցանկալի անձ ճանաչելու եւ որակազրկման հնարավորությունը։
«Գիտե՞ք ինչ, հեռախոսով ընդհանրապես չեմ խոսում, ես Ձեզ ոչ տեսնում եմ, ոչ էլ ճանաչում։ Ի՞նչ պիտի պատասխանեմ։ Հասկանո՞ւմ եք, Դուք զանգում եք, ոչ տեսնում եմ Ձեզ, ոչ էլ գիտեմ՝ ով եք։ Ինձ դուր չեն գալիս նման զանգերը, ոնց որ մեկին զանգ տամ, անունս ասեմ ու հարցեր տամ։ Կարող է ծանոթ մարդ լինեիք, խոսեի, բայց որ անծանոթ եք, ո՞նց խոսեմ»,- ասաց նա։
Երբ առաջարկեցինք անձնապես հանդիպել եւ հարցերն ուղղել դեմառդեմ տարբերակով, Արկադի Անդրեասյանը կտրականապես հրաժարվեց նաեւ հարցազրույցի այս ձեւաչափից։ «Չէ, էսօր չէ, մի քիչ լավ չեմ զգում ինձ»,- պատճառաբանեց նա։
Նշենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի՝ ապրիլի 28-ին տեղի ունեցած նիստում նման առաջարկի պատճառ էր հանդիսացել հետեւյալ միջադեպը. ապրիլի 23-ին կայացած ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» -«Փյունիկ» հանդիպման ընդմիջմանը (1:4 (0:2)) Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի եւ նրան ուղեկցող անձանց կողմից ծեծի ենթարկված Totalfootall.am-ի 19-ամյա ֆոտոլրագրող Աշոտ Առուշանյանը ծնոտի վնասվածքի եւ գլխացավերի պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Արկադի Անդրեասյանը խաղից հետո հարցաքննվել էր ոստիկանությունում: Totalfootall.am-ը փոխանցմամբ` Առուշանյանը կատարել է իր աշխատանքը եւ լուսանկարել էր տրիբունայում գտնվող մասնագետին: Առաջին հարվածը հասցրել է հենց Անդրեասյանը, ապա նրան ուղեկցողները ծեծել են Առուշանյանին «Հրազդան» ստադիոնի թունելում:
Նկատենք նաեւ, որ սույն միջադեպի հետ կապված ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:





























