Ապրիլի 24-ին Թուրքիայի զորամասերից մեկում հայազգի զինվոր Սեւակ Շահին Բալիկչիի սպանությունը տեղի է ունեցել միայն այն բանի համար, որ նա համարձակություն է ունեցել բարձրաձայն խոսելու Հայոց ցեղասպանության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԳԱՍ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով` թուրքական լրատվամիջոցները փորձել են կատարվածը ներկայացնել որպես դժբախտ պատահար: «Եթե գնահատական տանք կատարվածին, ստիպված կլինենք արձանագրել, որ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը շարունակվում է, եւ դրա վկայությունն է ոչ միայն Սեւակի, այլ Հրանտ Դինքի սպանությունը: Հենց ապրիլի 24-ին Սեւակի սպանությունը դրա վառ ապացույցն է»,-նշեց Ռ. Սաֆրաստյանը:
Նրա կարծիքով, եթե Դինքի սպանության ետեւում պետությունն էր, ապա Սեւակի սպանության ետեւում հասարակությունն է. «Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ թուրքական հասարակությունն այն աստիճան անհանդուրժող է պատմական ճշմարտության նկատմամբ, որ պատրաստ է սպանության: Հայազգի զինվորն իր կյանքով վճարեց պատմական ճշմարտության համար»:
Նա նաեւ կասկած հայտնեց, որ Սեւակ Շահին Բալիկչիի սպանությունը կբացահայտվի, «քանի որ Հրանտ Դինքի մահից անցել է մի քանի տարի, սակայն հանցագործն ու կազմակերպիչները չեն պատժվել»:
Նշենք, որ 25-ամյա Սեւակն ավարտել էր Ստամբուլի տեխնիկական համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը եւ անցել էր ծառայության ժանդարմերիայի զորամասում: Նրա զորացրմանը մնացել էր 23 օր: Ապրիլի 24 –ի առավոտյան նա սպանվել էր մեկ այլ զինծառայողի կողմից: Սպանության կապակցությամբ ժանդարմերիան հայտարարել էր, թե այն տեղի է ունեցել կատակով արձակված պատահական կրակոցի արդյունքում: Սակայն Սեւակի ծնողները չեն հավատում եւ պահանջում են մանրակրկիտ հետաքննություն իրականացնել:
Սեւակի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Ստամբուլում: Թուրքիայի ժանդարմերիայի հրամանատարությունը եւ Ստամբուլի քաղաքապետը ծաղկեպսակներ են ուղարկել, իսկ պետնախարար Էգմեն Բաղշը, Շիշլիի քաղաքապետ Մուստաֆա Սարիգյուլը, Հրատն Դինքի այրին ներկա են գտնվել արարողությանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Սբ Վարդանանց եկեղեցում, աճյունն ամփոփվել է Շիշլիի հայկական եկեղեցում:




























