«Ես ողջունում եմ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը եւ իմաստությունը: Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Թուրքիայի նախագահը առաջինը եկավ Հայաստան»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հոկտեմբերի 2-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահ Ալեն Թերզյանը: «Սա երկխոսության, ժողովրդական վարվելակերպի հզոր օրինակ է: Ես շատ քաղաքական ղեկավարներ եմ ճանաչում, ովքեր հաշվի չեն նստում որոշում ընդունելիս եւ չեն բացատրում ընդունված որոշումը: Ես շատ երախտապարտ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին, որ նա ժամանել է այստեղ եւ այլ քաղաքներ, որտեղ կա Հայկական սփյուռք, երախտապարտ եմ, որ նա մեզ ընդառաջ է գնացել: Սա օրինակելի, համարձակ եւ շատ հազվադեպ քայլ է»,- նշել է Թերզյանը:

Ըստ Թերզյանի՝ Սերժ Սարգսյանն իրենց բացատրել է, որ ցանկացել է վերսկսել երկխոսությունը Թուրքիայի հետ: «Որոշ մարդիկ ասում են, որ Թուրքիան թշնամի է: Գերմանիան էլ էր թշնամի Ֆրանսիային, սակայն Ֆրանսիան եւ Գերմանիան կառուցեցին Եվրոպան, ինչպես արեց Ֆրանսուա Միտերանը` ընդունելով Գերմանիայի կանցլերի մեկնած ձեռքը: Այսօր միացյալ Եվրոպան աշխարհի ամենահզոր տերություններից մեկն է, թեպետ շատ մարդիկ դեմ էին Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների բարելավմանը: Պետք է կարողանալ դառնալ հիմքը պատմության նոր էջի»,- նշել է ֆրանսահայ կինոգործիչը եւ հավելել, որ, իհարկե, պետք է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, Ըստ Թերզյանի, ինքը հոռետես չէ եւ լիովին հավատում է նախագահ Սերժ Սարգսյանին: «Ցեղասպանության հարցի վերաբերյալ ես ամբողջովին վստահում եմ նախագահ Սարգսյանին»,- նշել է Ալեն Թերզյանը: