Աշխարհի մի շարք երկրներում եւ քաղաքներում ճանապարհներին մահացությունը նվազել է կորոնավիրուսի պատճառով սահմանված մեկուսացման եւ կարանտինի շնորհիվ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերով հատուկ բանագնաց, Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) նախագահ Ժան Թոդտը:
Պաշտոնական տեղեկություններով՝ ճանապարհային պատահարների հետեւանքով մահացությունը 50-60 տոկոսով նվազել է (2019 թվականի համեմատությամբ) Ֆրանսիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իսպանիայում, ինչպես նաեւ Նյու Յորքում: Համանման միտման մասին են հայտնում նաեւ Հնդկաստանի եւ Մարոկկոյի լրատվամիջոցները: Միաժամանակ, ինչպես նշել է հատուկ բանագնացը, ինքը սպասում էր, որ թվերը նվազելու են, համենայնդեպս՝ ընդհանուր երթեւեկության նվազման արագությանը համաչափ: Սակայն որոշ երկրներում դա տեղի չի ունեցել:
Թոդտի խոսքով՝ աշխարհի շատ հատվածներում դատարկված փողոցների իրավական կարգավորման կրճատման պատճառով կտրուկ ավելացել են արագության գերազանցման դեպքերը: «Բարձր արագությունը յուրաքանչյուր վթար ավելի ծանր է դարձնում՝ հանգեցնելով մարդկանց զոհվելուն, այլ ոչ թե վնասվածքներին: Հետեւաբար արագությամբ է կարելի բացատրել ճանապարհներին մահացության նվազման մակարդակի եւ ընդհանուր երթեւեկության միջեւ անհամապատասխանությունը»,- հայտարարությունը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թոդտը նաեւ շեշտել է, որ մահացության նվազումը ոչ միայն թեթեւացնում է առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը, այլեւ կառավարությունների համար զգալի ֆինանսական օգուտներ է ապահովում: Այսպես՝ Կալիֆոռնիայի իշխանությունները հայտարարել են, որ օրական 40 մլն դոլար են «տնտեսում» միայն ճանապարհային պատահարների հետեւանքով մահվան դեպքերի թվի 50 տոկոսով կրճատման հաշվին:
Հատուկ բանագնացը աշխարհի երկրների իշխանություններին կոչ է արել ճանապարհային պատահարների հետեւանքով մահացության նվազած ցուցանիշները պահպանել նաեւ կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո:




























