Bloomberg հեղինակավոր գործակալությունը որոշել է ապշեցնել իր ընթերցող շրջանակներին, որոնք բաղկացած են հիմնականում գործարարներից եւ բորսայական գործակալներից, հոգեցունց մի պատմությամբ ոմն Մուբարիզ Բերկի մասին, «որը մեկն է Լեռնային Ղարաբաղից հարկադիր տարագրվածներից, եւ որոնց նմանների թիվը կազմում է 700 հազար»: Ավելին, գործակալությունը հաջողացրել է Բերկի ողբալի ճակատագիրը կապել ԱՄՆ-ի՝ գլոբալ էներգետիկ շուկայում վարած պայքարի հետ:

Այդ պայքարի նպատակը, որն ինչպես ասպետ վարում է Բարաք Օբաման, ըստ Bloomberg-ի, բավական ազնիվ է՝ ստեղծել կասպիական նավթը Եվրոպա հասցնելու վստահելի ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը (իսկ ավելի պարզ՝ գազի տեղափոխման ոչ ռուսական ուղիներ): Գործակալությունը եկել է եզրահանգման, թե Մուբարիզի ճակատագիրն այսօր կախված է Բարաք Օբամայի պայքարի հաջողությունից:

Միացյալ Նահանգները կարծում են, թե, վաճառելով գազն Արեւմուտքին, ԽՍՀՄ նախկին հանրապետություններն անկախության պահպանման ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան Ռուաստանի հետ գործարքի մեջ մտնելու դեպքում, Վաշինգտոնի տեսակետն է ներկայացնում «Bloomberg»-ը: Վերջինս նաեւ նշում է, թե Ադրբեջանը, որին, դատելով հոդվածի տրամաբանությունից, բոլորովին չի հետաքրքրում ողորմելի փախստականի ճակատագիրը, չի հասկանում այդ պարզ ճշմարտությունը: Հակառակ դեպքում Բաքուն չէր գնա Ռուսաստանի հետ ռուսական «Գազպրոմին» գազ վաճառելու համաձայնագրին:

Bloomberg-ը բազմանշանակ հիշեցնում է, թե նույն այդ Ադրբեջանին,որի գազի եւ նավթի արտահանման ճանապարհին են տեղի ունեցել 2008թ. օգոստոսյան դեպքերը՝ ռուս-վրացական պատերազմը: «Ռուսներն այժմ գտնվում են նավթամուղից տասը կիլոմետրի վրա (նկատի ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը- NEWS.am)»,-Bloomberg-ին ասել է Օքսֆորդի համալսարանի արտաքին հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր Նեյլ Մակֆարլայնը. «Թուրքիայի, Հայաստանի եւ Ղարաբաղ միջեւ համաձայանգիրը կօգներ խուսափել այդ խնդրից»:

Գործակալությունը նաեւ գրում է. «Օբաման ապրիլին ժամանեց Թուրքիա եւ երկրի առաջնորդներին դրդեց վերականգնել կապերը Հայաստանի հետ եւ հաղթահարել Առաջին աշխարհամարտի ժամանակ հայերի սպանդի մասին վեճերը»: Որպես պատասխան՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկ ամիս անց թռավ Ադրբեջան եւ հավաստիացրեց նախագահ Իլհամ Ալիեւին, թե չի բացի Հայաստանի հետ սահմանը՝ մինչեւ վերջ չդրվի Լեռնային Ղարաբաղի «բռնազավթմանը»": Նոյեմբերին Ալիեւն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում համաձայնագիր ստորագրեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների վերաբերյալ: Դրանից հետո նրանք եւս երկու անգամ հանդիպել են: Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Բաքվում հայտարարեց, թե խնդրի կարգավորման հնարավորություն կա «պատմական մոտ հեռանկարում»:

Փախստականները կազմում են Ադրբեջանի 8 միլիոն բնակչության 10 տոկոսը: Շատերին տրամադրվել են նոր տներ Բերկուում` Ջեվեխիի հյուսիսային մասում՝ 10 տարի վրաններում կամ ժամանակավոր կացարաններում բնակվելուց հետո: Մնացածները տներ չեն ստացել: Ալդանիոզ Աբդուլաեւը 1994 թվականից իր 12 հարազատների հետ միասին ապրում էր խղճուկ թաղամասում: 2006-ին կողմերը եկան համաձայնության. Հայաստանը ետ է քաշում զորքերը մի քանի շրջաններից եւ փախստականները սկսում են վերադառնալ: Լեռնային Ղարաբաղի, (որը եղել է Ադրբեջանի մի մասը եւ որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում), կարգավիճակի հարցը պետք է որոշվի հետագայում` հանրաքվեի միջոցով: Այդ ժամանակվանից մեծ առաջընթաց չի արձանագրվել: Միաժամանակ, Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսել պաշտպանության ոլորտում, որը նախորդ տարի կազմել է 1,85 միլիարդ դոլար: Այս գումարը ավելի մեծ է քան երկրի բյուջեն 5 տարի առաջ",- մեկնաբանում է աղբյուրը:

«Դա ուժգնացնում է թշնամանքը»,- արձանագրել է Բրյուսելում տեղակայված Միջազգային ճգնաժամային խումբը՝ 2008 թվականի իր հայտարարության մեջ:

«Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է տարածաշրջանի ամենապայթյունավտանգ կետը»,- հայտարարել է ՄՃԽ վերլուծաբան Թաբիբ Հուսեյնովը: Իսկ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Ֆարիզ Իսմայիլզադեն ասել է հետեւյալը. «Համաձայնագիրը կարող է հնարավորություն տալ խուսափել պատերազմի վերսկսման ռիսկից, որը կարող է վերջ դնել կասպիական գազի ու նավթի տարանցմանը Արեւմուտք, ինչպես դա եղավ ռուս-վրացական պատերազմի ժամանակ 2008թ.-ին»:

Անգլիական «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը 2005 թվականին բացել է 3 միլիարդ դոլարանոց նավթամուղը, որը Բաքվից ձգվում է դեպի Միջերկրական ծովի թուրքական ափ: Իսկ 11 միլիարդանոց «Նաբուկո» նախագիծը, որով գազը պետք է Թուրքիայի տարածքով հասնի Եվրոպա, կախված է նաեւ Ադրբեջանի վառելիքային պաշարներից: Հինգ երկրներ, որոնք գտնվում են այդ ճանապարհին, պետք է համաձայնագիր կնքեն: Ադրբեջանն ունի 7 միլիարդ բարել նավթի պաշարներ, որն ավելին է, քան որեւէ այլ ետխորհրդային երկրում, բացառությամբ Ռուսաստանի ու Ղազախստանի, եւ 1,2 տրիլիոն խմ գազի պաշարներ:

Ալիեւը՝ մերժելով Ստամբուլում հանդիպել Օբամային, հունիսի 29-ին հասել է նրան, որ համաձայնագիր է կնքել Մեդվեդեւի հետ` մոտ 500 միլիոն խմ ադրբեջանական գազ Ռուսաստանին վաճառելու վերաբերյալ: «Ադրբեջանը իր էներգետիկ քաղաքականությունը խառնում է արտաքին քաղաքականությանը` փնտրելով գործընկերներ»,- ասել է Իսմաիլզադեն:

Bloomberg գործակալության էներգետիկայով ու արցունքներով հագեցած այս հոդվածն ավարտվում է մի ելեւէջով, թե, ամենայն հավանականությամբ, պետք է Բաքվի ուշադրությունը սեւեռել իր փախստականների խնդիրներին, հետեւաբար նաեւ ԱՄՆ-ի էներգետիկ առաջնահերթություններին:

"Էմիլյա Հաջիեւան՝ փախստականների երեխաների տարրական դպրոցի ուսուցչուհին, գուշակում է իր ապագան: Նա լքել է Ղարաբաղը 1993թ.-ին՝ իր ուսանողների հետ, որոնցից առնվազն 5-ը մահացել են՝ չդիմանալով 460 կմ-անոց ճանապարհին: Այժմ նա օգնում է երեխաներին՝ գեղեցկացնել դասասենյակը, նարնջագույն ճապավեններ փակցնել Ղարաբաղի քարտեզի այն հատվածներում, որտեղ ապրել են ադրբեջանցիները, եւ սեւ՝ հայերի գրավված տարածքների վրա: «Ես միգուցե չապրեմ մինչեւ վերադարձը,- ասում է 71-ամյա Հաջիեւան,- բայց հուսով եմ, որ երեխաները կկարողանան»:

Ադրբեջանցի երեխաները կվերադառնան Ղարաբաղ, եթե Ալիեւը թեթեւացնի Օբամայի առաքելությունը եւ կասպիական ռեսուրսները ուղղի Եվրոպա՝ շրջանցելով Ռուսաստանը, սա է ամերիկյան պարբերականի նենգ, բայց միաժամանակ՝ պարզունակ տրամաբանությունը: