Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանին հստակ ազդանշան է ուղարկել:

Ինչպես հաղոդում է CNN-Türk-ը, Էրդողանը Իգդիրում բնակչության հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Ղարաբաղը մեր հարցն է, Նախիջեւանը մեր հարցն է»: Դրանից հետո նա հայտնել է, որ դեպի Նախիջեւան ճանապարհի կառուցումն ավարտված է, եւ այն կգործարկվի առաջիկա օրերին:

«Ադրբեջանի տխրությունը մեր տխրությունն է, Ադրբեջանի ուրախությունը եւս մերն է: Այստեղ ես նորից հայտարարում եմ` քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան խնդիրը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ: Մենք միշտ կանգնած ենք Ադրբեջանի թիկունքին, այդպես կլինի եւ հետագայում: Թող ոչ ոք այս հարցում մեզնից այլ բան չակնկալի», - հայտարարել է Էրդողանը:

Նշենք, որ Իգդիրը հիմնականում ադրբեջանաբնակ քաղաք է, եւ Էրդողանի կոշտ ելույթն ընտրությունների նախաշեմին զարմանք չի առաջացնում: Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան հունիսի 12 -ին: