«Դատարանում ինձ սպառնացել են, որ եթե հաստատվի, թե մեր ներկայացրած փաստաթղթերն իսկապես կեղծ են, ապա ես քրեական պատասխանատվության կենթարկվեմ»,- այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նախկին ուսանողուհի, նույն բուհի դեմ դատական հայցով հանդես եկող Անահիտ Մանասյանը։

Նրա խոսքերով, սակայն, հենց պատասխանող կողմը՝ Ֆրանսիական համալսարանն է վերսկսված դատալսումներին կեղծ փաստեր ներկայացրել դատարան՝ կասկածի տակ դնելով իրենց ներկայացրած փաստաթղթերի ճշմարտացիությունը։ Անահիտ Մանասյանի հավաստմամբ, հակառակ Ֆրանսիական համալսարանի փաստաբանի պնդումների, թե իբր ինքը անբավարար գնահատական է ստացել երկրորդ դիպլոմայինի պաշտպանությունից, իրենք փորձել են ապացուցել դատարանին, որ մեկ դիպլոմային աշխատանք է գրվել։ Փաստը հաստատելու համար որպես նոր վկա՝ գործի մեջ ներգրավվելու է նաեւ նրա համալսարանական ընկերներից մեկը, ով հավաստելու է դիպլոմային աշխատանքների պաշտպանության ընթացակարգը։

Անահիտ Մանասյանը տեղեկացրեց նաեւ, որ դատալսումների հաջորդ փուլը կսկսվի հոկտեմբերի 8-ին։

Հիշեցնենք, որ ավելի քան երեք տարի ձգձգվող դատական գործընթացի պատճառը խաբեությունն է, ինչի հետեւանքով համալսարանի նախկին ուսանողուհի Անահիտ Մանասյանը նախապես խոստացված երկու՝ հայկական եւ ֆրանսիական պետական դիպլոմների փոխարեն ստացել է միայն մեկը, այն էլ ոչ թե պետական, այլ միայն ներբուհական նշանակության, որը տվյալ համալսարանից դուրս պարզապես չի գործում։