Թեպետ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված է, սակայն կգա մի օր, երբ թուրքերն անպայման կվերադառնան այդ գործընթացին։ Մայիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ նման համոզմունք հայտնեց Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։

Նրա խոսքով, Հայաստանն արել է իրենից կախված ամեն բան եւ սպասում է Թուրքիայի հետագա գործողություններին։ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ճիշտ է, կանգ է առել, սակայն  թուրքերն ուզեն, թե` ոչ, մի օր վերադառնալու են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, որովհետեւ այլեւս անկարող են զսպել միջազգային  հանրության՝ այս առումով իրենց հասցեին արվող քննադատությունները»,- նշեց պատգամավորը։

Նա նաեւ հականշական համարեց, որ եթե նախկինում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին խոսելիս նախապայմանները հիշատակում էր տողատակով, ապա այժմ դա անում է բացարձակ եւ լկտի կերպով։   

Ասուլիսի մյուս բանախոս, թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ամբիոնի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանն իր հերթին ավելացրեց, որ հայ-թուրքական գործընթացի արդյունքում Թուրքիան միջազգային հանրության աչքում ձեռք բերեց  ոչ վստահելի գործընկերոջ համարում։ «Ձախողված գործընթացը Թուրքիային օգուտ չի բերում, այլ միայն հիշեցնում է Թուրքիայի՝ «զրո խնդիր հարեւանների հետ» կարգախոսի կեղծ լինելու մասին։ Այնպես որ, Թուրքիայի դերը եւ դիրքը հայ-թուրքական գործընթացում այնքան էլ նպաստավոր չեն»,- ամփոփեց թուրքագետը։

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը: