Մայիսի 3-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի Բարսելոնա - Ռեալ պատասխան խաղից առաջ երկու ակումբներն էլ անցել են հոգեբանական գրոհի:
Ռեալն իր կայքում տեղադրած տեսահոլովակում վիճարկում է հանդիպման գլխավոր մրցավար նշանակված բելգիացի Ֆրանկ Դե Բլեկերեի օբյեկտիվությունն ու պրոֆեսիոնալիզմը: Անցած տարվա կիսաեզրափակիչում բելգիացին վիճարկելի իրավիճակում հեռացրել էր Մոուրինյոյի գլխավորած Ինտերի խաղացող Տիագու Մոտային: Կադրերն ապացուցում են նաեւ Բարսելոնայի ֆուտբոլիստների սիմուլյացիաներն առաջին խաղում:
Բարսելոնան իր հերթին իր կայքում տեղադրած տեսահոլովակում շեշտում է, թե ինչպես են կարողացել հերոսական պայքարում հաղթանակ տանել Ռեալի կոպիտ եւ խուլիգանական գործողությունների դեմ:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Բարսելոնան հաղթեց Մեսիի երկու գոլերի շնորհիվ: 61-րդ րոպեից Ռեալը խաղում էր տասը ֆուտբոլիստներով: Հետագայում պարզվեց, որ Պեպեն հեռացվել էր Ալվեշի սիմուլյացիայի շնորհիվ: Առաջին հանդիպման մրցավարն էր գերմանացի Վոլֆգանգ Շտարկը:





























