Կորոնավիրուսի համավարակը ծայրահեղականների կողմից օգտագործվում է որպես իրենց հաղորդագրությունները տարածելու հնարավորություն եւ կարող է օգտագործվել գրոհներ իրականացնելու համար: Այս մասին ԵՄ անդամ-երկրների համար գաղտնի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարի ԵՄ համակարգող Ժիլ դե Կերշովը, հայտնում է Associated Press-ը:
Նրա խոսքերով՝ աջ ծայրահեղականներն ու մահմեդական գրոհայինները «կարող են բժշկական անձնակազմի եւ օբյեկտների վրա հարձակումները համարել բարձր էֆեկտիվային, քանի որ դրանք ուժգին ցնցում կառաջացնեն հասարակության շրջանում»։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում մարտին ՀԴԲ-ի աշխատակիցները գնդակահարել են գրոհայինի՝ փորձելով ձերբակալել նրան COVID-19-ով հիվանդներին բուժող հիվանդանոցի պայթեցման պլանի համար։
Անցյալից ելնելով, հայտնի է, որ «ահաբեկիչներն ու մարտնչող ծայրահեղականները, ձգտելեվ բռնության միջոցով փոխել հասարակություններն ու կառավարման համակարգերը, օգտագործում են խոշոր ճգնաժամերը իրենց նպատակներին հասնելու համար», նշել է Ժիլ դե Կերշովը։ Օրինակ՝ «Իսլամական պետությունը» ստեղծվել է Իրաք ԱՄՆ-ի ներխուժումից հետո, իսկ այնուհետեւ ուժ է հավաքել «արաբական գարնան» ապստամբությունից հետո։
Եվրոպայում ձախ ծայրահեղականները «մեծ ուշադրություն» են դարձնում այս համաճարակին, դրանում մեղադրելով կառավարություններին եւ «ընդհնուր կապիտալիստական համակարգին», հայտարարելով, որ քաղաքական գործիչները թերֆինասնավորել են բժշկական ծառայություններին։
Ներկայում ծայրահեղականների մեծ մասը, կարծես թե, այս համավարակն օգտագործում է քարոզչական նպատակներով՝ օգտագործելով այն հանգամանքը, որ սահմանափակումների պատճառով մարդիկ սովորականից ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում։
«Անհավատները» որպես քավության նոխոզներ են ծառայում ջիհադիստների համար, ազգային եւ կրոնական փոքրամասնությունները՝ աջ ծայրահեղականների համար, իսկ «դասական թշնամիներն» ու «կապիտալիստները»՝ ձախ ծայրահեղականների համար։





























