Առարկայի մի փոքր անհարթ մակերեւույթը կարող է ստիպել նրան փայլել ծիածանի գույներով: Այս էֆեկտի ամենահայտնի օրինակը կոմպակտ սկավառակն է: Ամերիկացի փորձարարը որոշել է շոկոլադի վրա այդպիսի օպտիկական հնարք անել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Դրա համար Սամի Քամքարը պատրաստել է օրգանական ապակուց կաղապար եւ դրա մեջ դիֆրակցիոն ցանցին համապատասխան լազերով անհարթություններ է ստեղծել ու միկրոմետրից ոչ ավելի մեծ անցքեր բացել։ Այդ կաղապարի մեջ Քամքարը շոկոլադ է լցրել եւ մի քանի օր այն սառնարանում պահել։

Կոնֆետը զարմանալի օպտիկական տեսք է ձեռք բերել՝ լույսի տակ այն փայլում է ծիածանի բոլոր գույներով: Ընդ որում, շոկոլադի համը չի փոխվել, եւ դրա հատկությունները մարդու համար անվնաս են մնացել, ասել է հեղինակը Twitter-ում: Հավանաբար, հրուշակագործները կօգտվեն քաղցրավենիք պատրաստելու նոր եղանակից։