Կանադայի առողջապահության նախարարությունը հաստատել է երկրում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները։ Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժողովրդին ուղղված ամենօրյա տեսաուղերձի ընթացքում։
Նրա խոսքով՝ կլինիկական փորձարկումները կանցկացվեն Նոր Շոտլանդիա նահանգում գտնվող Դոլհաուզի համալսարանի պատվաստաբանության կենտրոնի լաբորատորիայում։ Թրյուդոն նշել է, որ եթե դրանք հաջողություն գրանցեն, ապա երկրում կմեկնարկի պատվաստանյութի արտադրությունն ու տարածումը, գրում է ՏԱՍՍ-ը։
Վերջին տվյալներով՝ Կանադայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 76 հազարի։ Ամենամեծ թվով հիվանդներ գրանցվել են Քվեբեք, Օնտարիո են Ալբերտա նահանգներում։ Ավելի վաղ Թրյուդոն հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման գագաթնակետը երկրում սպասվում է մայիսի վերջին, իսկ զանգվածային վարակման առաջին ալիքը կավարտվի ամռան վերջում։




























