Փարիզում տեղի է ունեցել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական խորհրդակցությունների նախապատրաստական ժողովը, որին մասնակցել են Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ Ֆրանսիայի ավելի քան 25 քաղաքների ղեկավարները:

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից, հայ-ֆրանսիական խորհրդակցությունները նախատեսված են 2010թ-ի սեպտեմբերին, «ծառայելու են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը, հաստատելու են երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված դերը»:

Գագիկ Բեգլարյանը Փարիզում մասնակցել է նաեւ ֆրանսախոս քաղաքների քաղաքապետների միջազգային ասոցիացիայի 30-րդ վեհաժողովի բացման արարողությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանը մեկ տարի առաջ է դարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։