Անգլիայի Դորսեթ կոմսության Փուլ քաղաքից նուդիստ զույգը մերկ հարսանիք է կազմակերպել, որին մասնակցել է առանց հագուստի 40 հյուր, հայտնում է The Mirror պարբերականը:
59-ամյա Նայջել Սեյմուրը եւ 30-ամյա խնամող Ռեյչելը Բրիտանական նուդիստների ակումբի անդամներ են: Նրանք ծանոթացել են 2017 թվականին հունական կղզում սեղանի թենիս խաղալիս: Կես տարի հետո Նայջելը 400 մերկ անծանոթների ներկայությամբ Ռեյչելին ամուսնության առաջարկություն է կատարել նուդիստների ակումբի միջոցառման ժամանակ:
2019 թվականի հունիսին զույգի հարսանիքն էր, որին մասնակցող բոլորը մերկ էին: «Մեր մերկ հարսանիքը հոյակապ գաղափար էր. ես ստիպված չէի 1000 ֆունտ ծախսել հարսանեկան զգեստի համար»,- ասել է Ռեյչելը:
Միջոցառմանը մասնակցել են զույգի ընկերները եւ ազգականները, չնայած ոմանք նախընտրել են հրավերքից հրաժարվել, քանի որ նուդիստների միջոցառումներին մասնակցելը նրանց հաճո չէր: Հյուրերն իրենց մոտ պետք է ունենային միայն սրբիչ եւ արեւայրուքի քսուք:
Ռեյչելի հայրը՝ 74-ամյա Խարվի Ալենը եղել է արարողության պաշտոնական լուսանկարիչը: Նա լուսանկարել է երջանիկ զույգին եւ հյուրերին, երբ նրանք մերկանդամ արեւահարվում էին, թենիս խաղում, լողում եւ բուֆետում ուտեստներով հյուրասիրվում:
Հարսանիքից հետո զույգը մեղրամիսի է մեկնել Ֆրանսիայի հարավում գտնվող ամենամեծ նուդիստական գյուղը՝ Կապ Դ՛Ագդ:
Նայջելն ասել է, որ կորոնավիրուսի պատճառով սահմանված խիստ մեկուսացման ռեժիմը զույգին ստիպել է կարոտել այն օրերը, երբ կրկին կարող են մասնակցել նուդիստական միջոցառումներին: «Մենք շատ ենք ցանկանում մերկ լողալ: Մենք մերկությունը շատ ենք սիրում: Կարեւոր չէ, թե ինչպիսի արտաքին, ինչ չափեր, գույն ունես եւ ինչով ես զբաղվում. բոլորը հավասար են, երբ մերկ են, եւ ոչ ոք քեզ չի դատապարտում»,- պարզաբանել է նա:





























