Երեւանի դպրոցահասակ երեխաների 5,8 տոկոսը համարվում է գեր, իսկ 13 տոկոսը` հավելյալ քաշ ունեցող: Նման արդյունքներ են ստացվել Բժշկական համալսարանի կողմից Երեւանի 20 դպրոցներում դեռահասների շրջանում անցկացված հետազոտությունից:

Վերջին 30 տարիների ընթացքում ճարպակալած մարդկանց թիվը կրկնակի աճել է մեծահասակների, եռակի`դեռահասների մոտ: Այս մասին այսօր` մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երեւան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Նրա խոսքով, ինչքան վաղ տարիքում է այն ի հայտ գալիս, այնքան էլ վտանգավոր է: «Ճարպակալումը ոչ միայն էսթետիկական խնդիր է, այլեւ սպառնում է առողջությանը: Ճարպակալման համար պատճառ է հանդիսանում կալորիաներով հարուստ սննդի օգտագործումը եւ քիչ ֆիզիկական ակտիվությունը: ճարպակալումը ազդում է նաեւ ուղեղի գործունեության վրա»,- ասաց նա:

«Մուրացան»  համալսարանական  հիվանդանոցի  մանկաբույժ  Անի Կարախանյանն էլ նշեց, որ կա երկու տեսակի ճարպակալում` սննդակարգի խախտման հետեւանքով առաջացած եւ տարբեր հիվանդությունների, նաեւ գենետիկայի հետեւանքով առաջացած, որը մեկ տոկոս է կազմում:

Ճարպակալումից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական ավելի քան մեկ ժամ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, քայլել, ունենալ ճիշտ սննդակարգ, նվազագույնի հասցնել քաղցր խմիչքները, շոկոլադը, ֆասթֆուդը,ճարպոտ սնունդը: Փոխարենը` սննդակարգի մեջ ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն: Ապացուցված է, որ ճարպակալումից խուսափելու համար պետք է օրական սնվել 3 եւ ավելի անգամ քիչ չափաբաժիններով:

Բամինե Բաղրամյանի խոսքով`ավել քաշը կորցնելու համար հատուկ դիետա ստեղծելը, ինչ-որ սպորտաձեւով զբաղվելը սխալ է:

Ճարպակալման համար երեխաների դեպքում առանձնացնում են երեք տարիքային խմբեր`նորածիններ, 4-5 տարեկաններ եւ սեռական հասունացման տարիքի երեխաներ:

Մեծահասակների դեպքում ճարպակալման վտանգը կանանց մոտ սպառնում է հղիության շրջանում եւ կլիմաքսի փուլում: