Կորոնավիրուսի բռնկման մեկնարկից սկսած համացանցում հանրահայտ են դառնում միլիարդատեր-բարերար Բիլ Գեյթսին ուղղված կեղծ մեղադրանքները, եւ փորձագետները զգուշացնում են, որ դրանք կարող են խանգարել վիրուսը սանձելու փորձերին, հայտնում է AFP-ն:
Դավադրության տեսաբանների պատրաստած կեղծ լուսանկարները եւ սարքովի հոդվածները, որոնք տարբեր լեզուներով տարածվել են սոցցանցերում եւ շփման հավելվածներում այնքան հեռուն են գնացել, որ Microsoft-ի հիմնադրին մեղադրել են բռնկման ստեղծման մեջ:
Գեյթսը, որը 250 մլն դոլար է խոստացել համավարակի դեմ պայքարի ջանքերի համար, առցանց թիրախներից վերջինն է, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության ջանքերին, այսպես կոչված, «ինֆոդեմիայի»՝ ապատեղեկատվության դեմ պայքարում, որը ստեղծվել է վիրուսի առաջացրած խուճապով եւ խառնաշփոթով:
Վերջին ամիսներին COVID-19-ի ստեղծման մեջ մեղադրվել են նաեւ 5G ցանցերն ու ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը:
«Բիլ Գեյթսը միշտ եղել է դավադրությունների կոնկրետ տեսաբանների թիրախը»,- ասում է հետազոտություններով եւ լրագրողների ուսուցմամբ զբաղվող First Draft հասարակական կազմակերպության հետազոտությունների գծով մենեջեր Ռորի Սմիթը:
Գեյթսը, որի համանուն հիմնադրամը վերջին 20 տարում միլիարդավոր դոլարներ է ծախսել զարգացող երկրների առողջապահության բարելավման համար, դարձել է «յուրատեսակ վերացական բուգիմեն», ասում է Սիրակուզի համալսարանի դոցենտ Ուիթնի Ֆիլիփսը:
Պատվաստման եւ էլեկտրոնային միկրոչիպերի միջոցով «բնակչության 15 տոկոսին ոչնչացնելու» ցանկության մեջ Գեյթսին մեղադրող տեսանյութը YouTube-ում գրեթե 2 միլիոն դիտում է ունեցել:
Ճգնաժամի մեկնարկից ի վեր AFP Fact Check-ը պսակազերծել է Գեյթսի դեմ տասնյակ լուրեր, որոնք անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, լեհերենով եւ չեխերենով տարածվել են այնպիսի պլատֆորմներում, ինչպես Facebook-ը, WhatsApp-ը եւ Instagram-ը:
Մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ տեղեկություններն այն մասին, որ ՀԴԲ-ն Գեյթսին կալանավորել է կենսաբանական ահաբեկչության պատճառով կամ որ նա աջակցում է Արեւմուտքի դավադրությանը՝ աֆրիկացիներին թունավորելու համար, հանգում են ընդհանուր թեմային: Մագնատին մեղադրում են այն բանում, որ նա ճգնաժամն օգտագործում է «մարդկանց վերահսկելու» կամ պատվաստանյութի վաճառքից փող վաստակելու համար:
«Այդ դավադրությունները բավականաչափ ուժեղ են, որպեսզի սասանեն առողջապահության կազմակերպությունների հանդեպ վստահությունը, եւ արդյունքում, հնարավոր է, նվազեցնեն պատվաստման մակարդակը, ինչը մտահոգություն է առաջացնում»,- ասել է Սմիթը:
Գեյթսի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը եւ պատվաստանյութի մշակումներին աջակցությունը նրան «իդելական քավության նոխազ են դարձրել ճգնաժամի համար, որն առաջացել է տեխնոլոգիաների եւ (բժշկական) գիտության միակցման տեղում, կարծում է Հելսինկիի Ֆիննական համալսարանի սոցիալական գիտությունների հետազոտող Քինգ Պոլինչուկ-Ալենիուսը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Գեյթսը հայտնվում է դավադրության տեսաբանների իշխանության տակ: Երբ 2015 թվականին Բրազիլիայում բռնկվեց Զիկա վիրուսը, նա եղել է արեւմտյան մի քանի ազդեցիկ գործիչներից մեկը, ում մեղադրել են այս հիվանդության մեջ: Այլ լուրեր հաստատում են, որ նա ռեպտիլոիդ է:
Սմիթի խոսքով՝ կեղծ տեղեկությունների վերջին պայթյունը կարելի է բացատրել համաշխարհային ճգնաժամի հետեւանքների հաղթահարման մեխանիզմով:
«Մարդիկ մշտապես տեղեկություններ են փնտրում, որ այս իրականության մեջ իմաստ գտնեն, եւ այդ դավադրությունների առկայությունն առաջարկում է հարմար եղանակ»,- ասել է նա:
Համավարակը բարենպաստ հող է ստեղծել նաեւ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի վրա հարձակումների համար, հատկապես պատվաստման դեմ արշավի մասնակիցների կողմից, որի ազդեցիկ ներկայությունը համացանցում ակնհայտ էր վիրուսի հայտնվելուց մի քանի տարի առաջ:
Աֆրիկայում բարեգործական կազմակերպության մարդասիրական աշխատանքը, որտեղ հատկապես տարածված է Գեյթսի մասին ապատեղեկատվությունը, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը ֆինանսական աջակցությունը լուրեր են ծնել իշխանության մռայլ գաղտնիքների եւ խորամանկությունների մասին:
2015-ին «Կորոնավիրուսի հարցով համաժողովին» ներկա Գեյթսի լուսանկարները առիթ էին տվել եզրակացությունների համար, որ նա կանխատեսել է համավարակը:
Իրականում նա հանդիպել էր հետազոտական ինստիտուտի հետ, որն արտոնագրի հայտ էր ներկայացրել, որը պոտենցիալ կերպով կարող է օգտագործվել կենդանիներին խոցող այլ տեսակի կորոնավիրուսի դեմ:
Ինչպես եւ շատ գիտնականներ, Գեյթսը նախազգուշացնում էր մոտալուտ համավարակի մասին նոր կորոնավիրուսի բռնկումից տարիներ առաջ:
Գեյթսը նաեւ հարձակման է ենթարկվել հայտնիների կողմից: Պահպանողական ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Լորա Ինգրահամը հարցազրույցում հայտարարել էր, որ Գեյթսը «հետապնդման մեխանիզմներ» է մշակում: Նա մեջբերել է Reddit-ում արված միլիարդատիրոջ՝ լայնորեն սխալ մեկնաբանված գրառումը «թվային վկայագրերի» վերաբերյալ:
Ռոբերտ Քենեդի կրտսերը բարերարին մեղադրել էր գլոբալ առողջապահական քաղաքականություն թելադրելու մեջ:
Մինչդեռ ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշը վեճեր էր հրահրել՝ գրառում տեղադրելով Instagram-ում, որում քննադատել էր Գեյթսին եւ կոչ արել հրաժարվել «բոլորի համար միկրոչիպերի փոխպատվաստումից»:
Ապատեղեկատվության հերքումը «չի նշանակում, որ բոլորը լավ տղաներ են», ասել է Ռենի Ֆրանսիական համալսարանից Դելուվին՝ մատնանշելով կորոնավիրուսները հետեւելու համար հավելվածների ստեղծման մրցավազքի ընթացքում գաղտնիության եւ կառավարությունների կողմից բժշկական տվյալների օգտագործման խնդիրները:




























