Մայիսի 20-ին նշվում է Մեղուների միջազգային օրը (World Bee Day): Տոնը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձեւով (A/RES/72/211), հայտնում է Calend.ru-ն:
Մինչ այս նախորդել է իրադարձությունների մի ամբողջ հերթագայություն՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի ընդունումը, ՄԱԿ-ի՝ փոշոտման, փոշոտողների, դրանց բազմազանության պահպանման, անվտանգ սննդամթերքի եւ գյուղատնտեսության կայուն զարգացման հարցերով Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության աշխատանքը: 2016 թվականին Սլովենիան Մեղվաբուծական կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության նիստում հանդես է եկել Մեղուների համաշխարհային օր սահմանելու առաջարկով՝ ընդգծելով այս միջատների դերը փոշոտման, բերքատվության բարձրացման եւ որպես հետեւանք պարենային անվտանգության հարցերում:
Որպես տոնակատարության օր ընտրվել է մայիսի 20-ը՝ ի հիշատակ ականավոր մեղվաբույծներից մեկի, գործունության այս տեսակի նորարար Անտոն Յանշի, որը համարվում է ժամանակակից մեղվաբուծության հիմնադիրներից մեկը: Նա ծնվել է 1734 թվականի մայիսի 20-ին Սլովենիայում եւ մեղվաբուծությունը դարձնելով իր հիմնական գործունեությունը՝ այս ասպարեզում զգալիորեն զարգացել է, կարողանալով անգամ ձեռնարկ գրել, որը գերմաներենով տպագրվել է 1771 թվականին:
Տոնի հիմնադրումը կոչված է ընդգծելու մեղվատար մեղուների ավանդը բույսերի, այդ թվում՝ գյուղատնտեսական մշակաբույսերի փոշոտման գործընթացում, այսինքն՝ դրանց դերը բուսաբուծության, այգեգործության, բանջարաբուծության եւ գյուղատնտեսության այլ ճյուղերի մեջ:





























