ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է մալարիայի դեմ դեղամիջոցը որպես կորոնավիրուսի կանխարգելման միջոց ընդունելու իր որոշումը՝ հայտարարելով, որ բոլորը պետք է սեփական որոշումներն ընդունեն։

Չներկաացնելով ոչ մի ապացույց՝ Թրամփը լրագրողներին ասել է, թե, իր կարծիքով, հիդրոքսիքլորոխինը «անվտանգության լրացուցիչ մակարդակ է ապահովում», նա հավելել է․ «Մարդիկ ստիպված կլինեն կողմնորոշվել»։

ԱՄՆ Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը նախազգուշացրել է կորոնավիրուսով պացիենտների մոտ դեղամիջոցի օգտագործման հնարավոր կողմնակի լուրջ ազդեցությունների մասին։

Փոխնախագահ Մայք Փենսը Fox News-ին հայտնել է, որ ինքը, ի տարբերություն Թրամփի, չի ընդունում հիդրոքսիքլորոխին՝ որպես կորոնավիրուսի կանխարգելման միջոց։ «Իմ բժիշկը խորհուրդ չի տվել դա անել, սակայն ես առանց երկմտելու կընդունեի այն, եթե նա խորհուրդ տար»,- հավելել է Փենսը։

«Հիդրոքսիքլորոխինը դեղամիջոց է, որն ավելի քան 40 տարի գոյություն ունի մալարիայի բուժման համար, եւ այս գործընթացի վաղ փուլերում FDA-ն թույլ է տվել, այսպես կոչված, ոչ նպատակային օգտագործումը, որպեսզի բժիշկները կարողանան հիդրոքսիքլորոխին նշանակեն այն պայմաններում, երբ նրանք նպատակահարմար կհամարեն»,- շարունակել է փոխնախագահը: Փենսը նաեւ նշել է ռեմդեսիվիրի՝ կորոնավիրուսի բուժման մեկ այլ դեղամիջոցի արագ ստանալու համար վարչակազմի աշխատանքը, այն օգտագործվում է բոլոր 50 նահանգներում:

«Ես հիդրոքսիքլորոխին եմ ընդունում,- ասել է Թրամփը,- Կարծում եմ՝ դա լավ է»: Ես լսել եմ շատ լավ պատմություններ: Եվ եթե դա լավ չէ, դա ինձ չի վնասի»: Նախագահը հավելել է, որ նախքան դեղամիջոցն ընդունելը խորհրդակցել է Սպիտակ տան բժշկի հետ: Նախագահի բժիշկ Շոն Քոնլին ասել է, որ «հիդրօքսիքլորոխինի օգտագործման կողմ եւ դեմ ապացույցների վերաբերյալ բազմաթիվ քննարկումներից հետո մենք եկել ենք այն եզրակացության, որ բուժման հնարավոր առավելությունները գերազանցում են հարաբերական ռիսկերը»: