Թաիլանդն ակնկալում է, որ նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մյուս տարի: Թաիլանդը մՌՆԹ (մեսենջեր ՌՆԹ) պատվաստանյութի թեստավորումը հաջորդ շաբաթ կսկսի կապիկների վրա՝ մկների վրա հաջող փորձարկումներից հետո, հայտարարել է COVID-19-ի իրավիճակային կառավարման կառավարական կենտրոնի ներկայացուցիչ Թավիսին Վիսանույոթինը: «Թաիլանդյան պատվաստանյութը պատրաստ կլինի մյուս տարի»,- ասել է նա, փոխանցում է Reuters-ը:
Աշխարհում մշակվում են COVID-19-ի դեմ ավելի քան 100 պոտենցիալ պատվաստանյութեր, բայց ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել էր, որ պատվաստանյութի ստեղծումը կտեւի 12 ամսից ոչ պակաս:
Թաիլանդյան պատվաստանյութը մշակվում է Պատվաստանյութերի ազգային ինստիտուտի, Բժշկական գիտությունների դեպարտամենտի եւ Չուլալոնգկորնի համալսարանի պատվաստանյութերի հետազոտական կենտրոնի կողմից:
Մեսենջեր ՌՆԹ-ն օրգանիզմի բջիջներին դրդում է արտադրել, այսպես կոչված, հակագեներ, վիրուսների մակերեւույթին մոլեկուլներ, որոնք խթանում են իմունային համակարգի աշխատանքը:
2019 թվականին առողջապահության անվտանգության գլոբալ ինդեքսի վերաբերյալ Ջոն Հոփքինսի հաշվետվությունում Թաիլանդը աշխարհում 5-րդ տեղն է զբաղեցրել համաճարակի տարածմանը արագ արձագանքմամբ եւ հետեւանքների մեղմացմամբ:




























