Ամերիկացի հետազոտողները կարծում են, որ ԱՄՆ իշխանությունները կարող էին խուսափել երկրում մոտ 54 հազար մահվան դեպքից կորոնավիրուսով վարակման պատճառով, եթե երկու շաբաթ ավելի շուտ սկսեին սանիտարական միջոցների ներդրումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The New York Times-ը:

Կոլումբիայի համալսարանի գիտնականները՝ վարակաբան Ջեֆրի Շեյմանի գլխավորությամբ, համակարգչային մոդել են մշակել, որը, նրանց կարծիքով, թույլ է տալիս գնահատել մարտի կեսերին Միացյալ Նահանգներում վիրուսի տարածման կանխմանն ուղղված միջոցառումների ազդեցությունը: Հետազոտողներն արձանագրում են, որ մայիսի 3-ի դրությամբ ԱՄՆ-ում 65307 մարդ է մահացել կորոնավիրուսից: Գիտնականները կարծում են, որ եթե նշված սահմանափակումները ներդրվեին մեկ շաբաթ շուտ՝ մինչեւ մայիսի 3-ը, երկրում 36 հազարով ավելի քիչ մարդ կմահանար: Եթե ​​այդ միջոցառումները երկու շաբաթ շուտ ձեռնարկվեին, 54 հազար մարդ կխուսափեր մահից, նշում են հետազոտողները:

«Սա մեծ, մեծ տարբերություն է,- ասաց Շեյմանը: «Աճի փուլում [վարակների քանակի] կարճ ժամանակահատվածը վճռական դեր է խաղում մահացության նվազեցման առումով»: Գիտնականները նաեւ ԱՄՆ իշխանություններին նախազգուշացրել են սանիտարական չափանիշների չափազանց արագ վերացման մասին: Ըստ հետազոտողների՝ դա կարող է մահացության կտրուկ աճի հանգեցնել:

Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 4.9 միլիոն մարդ է վարակվել նոր կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 328 հազար մարդ: Ըստ Ջոնս Հոփկինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում ԱՄՆ իշխանությունների, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ պաշտոնական աղբյուրների ամփոփ տվյալների հիման վրա՝ Միացյալ Նահանգներում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.55 միլիոն դեպք: Ավելի քան 93.4 հազար մարդ մահացել է: