Ֆրանսիական Յուրա դեպարտամենտի ժանդարմները 80-ամյա մի տղամարդու են ձերբակալել, որի տանը զենքի պահեստ է հայտնաբերվել, որը նա հավաքել էր հարեւաններից պաշտպանվելու համար: Զենքի արսենալի լուսանկարը չորեքշաբթի հրապարակվել էր ժանդարմերիայի ֆեյսբուքյան էջին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ, նրա տանը 25 հրացան, 36 ատրճանակ, 88 որսորդական դանակ, երկու աղեղազեն, երեք ճապոնական կատան, յոթ ձեռնափայտ սուր, մեկ էլեկտրաշոկեր եւ մեկ էլեկտրաշոկերով մահակ կար: Բացի այդ, թոշակառուն պահոցում 80 կգ տարբեր տրամաչափի փամփուշտներ եւ մեկ նռնակ էր պահում:

Ինչպես պարզաբանում է Sud Ouest տարածաշրջանային պարբերականը, իր տուն ժամանած ոստիկաններին տղամարդը դիմավորել էր հրացանը ձեռքին: Դատախազ Լիոնել Պասկալի խոսքով՝ ձերբակալվածը վատ հեղինակություն ուներ դեպարտամենտում եւ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ էր տեղի բնակիչների հետ:

«Այս մարդը զենքի կոլեկցիոներ կամ վաճառող չէ: Նա պարզապես վախենում է,- պարզաբանել է Պասկալը:- Բոլորի հետ կոնֆլիկտի մեջ լինելով՝ նա մեծ թվով զենք ունենալու անհրաժեշտություն էր զգում իրեն պաշտպանելու համար: Իհարկե, պարզ չէ, թե՝ ինչից»:

Քննիչները փորձում են պարզել, թե որտեղից է թոշակառուն ձեռք բերել զենքը, ինչպես նաեւ՝ նրա իրական դրդապատճառները: Ձերբակալվածի նկատմամբ հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: