Հունիսի 16-ին, երբ առաջադեմ «ադրբեջանականությունը» տոնում էր «Ազգային փրկության օրը», որը բառացիորեն համընկնում էր ադրբեջանական միապետության հիմնադիր Հեյդար Ալիեւի` Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու օրվան, բարի տղա Ազեր Մամեդովը որոշեց Day.az-ի էջերից Հայաստանին եւ հայ ժողովրդին դասախոսություններ կարդալ Հայաստանի ժողովրդավարական հեռանկարների մասին: Ամենայն հավանականությամբ, նա այդ գիտապատմական աշխատանքը սկսեց Հեյդար Ալիեւի անվան 1368 ծառուղիներից մեկն այցելելու եւ նրա 3476 հուշարձաններից մեկի մոտ ծաղկեփունջ դնելու տպավորության տակ: Եւ ահա, արցունքախառն, լրագրող Ազերը որոշեց մտորել Հայաստանում ժողովրդավարության ճակատագրի մասին, քանզի իր սեփական երկրում այդ հարցի հետ կապված ամեն ինչ կարգին է` ընդդիմությանը ոչ ոք ձեռք չի տալիս (դե այն իսկի չկա էլ, քանի որ, ակնհայտ է, ընդդիմանալու ոչինչ չկա, ամեն ինչ լավ է), լրագրողներին չի բանտարկում, զինվորական նախարարներին չի սպանում, եւ ընդհանրապես, ժողովուրդն ապրում է կուշտ, ազատ եւ հարուստ եւ հարազատ Ադրբեջանից ոչ մի տեղ չի գնում:
Ազերիների երկրի հարեւան պետությունում ժողովրդավարության հեռանկարների մասին իր լրագրողական հետաքննությունը նա խորամտորեն սկսում է փիլիսոփա Ժոզեֆ դը Մեստրի հայտնի մտքով` «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի այնպիսի կառավարություն, որին արժանի է». ապա «վերլուծելով»՝ ապացուցում է, որ հայերն արժանի են այն բոլոր դժբախտություններին ու չարիքներին, որոնք թափվել են նրանց խեղճ գլխին:
Ազերն, իհարկե, չի հակադրվի այն բանին, որ ադրբեջանական ժողովուրդը եւս արժանի է եւ այսօր ունի Իլհամ Ալիեւի` Հեյդարի որդու, կառավարությունը, որն արդեն կանխապես եւ ալիեւների դինաստիային հատուկ իմաստնությամբ նույն երջանիկ ադրբեջանական ժողովրդի փոխարեն որոշել է, թե Իլհամից հետո նրան (ադրբեջանական ժողովուրդին) ով պետք է կառավարի: Անշուշտ, Իլհամի որդին, որը հանճարի կրողն է մեծն Հեյդարի` գաղափարական կոմունիստի, բայց եւ նույնքան գաղափարական ժողովրդավարի ու ազգի փրկչի: Անշուշտ, Ազեր Մամեդովը դեմ չէ ժողովրդավարական ավանդույթների նման ինքնատիպ մեկնաբանությանը:
Ազերը իր հոդվածում ամենեւին էլ չի ուրախանում, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշեց չֆինանսավորել Հայաստանի գյուղական ճանապարհների շինարարությունը (ի դեպ, Ադրբեջանում դրանք հոյակապ վիճակում են եւ ամերիկյան ոչ մի օգնություն նրանց պետք չէ): Նա ուղղակի արձանագրում է, թե քանի որ ժողովրդավարություն չկա, ուրեմն, ահա՜, ստացե՜ք հայ գյուղացիներ, դուք դրան արժանի եք, որվհետեւ այդպիսի ոչ ժողովրդավարական կառավարություն ունեք:
Չէ որ նա (Ազերը) դեռ վաղուց էր նախազգուշացրել, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, մինչդեռ միամիտ ամերիկացիները դրանում միայն վերջերս համոզվեցին: Դե իսկ եթե ամերիկացիները հայկական ժողովրդավարությունից հույսները կտրել են, ուրեմն ամեն ինչ շատ վատ է: Օրինակ, նույն ամերիկացիները մշտապես եւ միանգամայն հստակ հավաստիացնում են, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը ծաղկում է: Բաքվում ԱՄՆ դեսպանը ոչ մի անգամ չի խոսել այն լրագրողների մասին, որոնք բանտերում են նստած, եւ հենց վերջերս նա բոլորովին չքննադատեց հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների մասին օրենքում կատարված փոփոխությունները, որոնք փաստորեն սպանում են հասարակական ցանկացած ակտիվություն:
«Միացյալ Նահանգների եւ, ընդհանրապես, միջազգային հանրության աչքում Հայաստանը մի երկիր է, որը ժողովրդավարության նկատմամբ ունի նույն վերաբերմունքը, ինչ չուկչին`տիեզերագնացության», սրամտորեն եւ, որ գլխավորն է, համոզիչ ձեւով հետեւություն է անում Ազեր Մամեդովը, որը ոչինչ չունի հայերի դեմ, առավել եւս չուկչիների: Չէ որ Ազերը քաղաքացին է հանդուրժող եւ ժողովրդավար Ադրբեջանի, որը մեծն Հեյդարն է փրկել: Եվ նա դժգոհ է, այո, դժգոհ է, որ Հայաստանի տեղեկատվական դաշտը մաքրվում է, թեեւ երեւի շատ էլ չի հասկանում, թե ինչի մասին են գրում հայկական թերթերը կամ ինչ են հեռարձակում հեռուստաալիքներն ու ռադիոկայանները: Բայց դա Ազերի ինչին է պետք, չէ որ նա հաստատ գիտի` մաքրել են, իհարկե մաքրել են: Սեփական դաշտը մաքրել են, իսկ իրենց հետախուզական ծառայությունների միջոցով Ադրբեջանում սկսել են հրատարակել «Իրական Ադրբեջան» թերթը, այ՝ այսպես:
Ազերն ուրախ կլիներ, եթե ժողովրդավարության առումով այսքան ճնշող պատկեր ունեցող Հայաստանը գոնե տնտեսապես զարգանար: Բայց այլ բան ստացվեց: Հայերն իրենք իրենց մեկուսացրեցին, հարեւան երկրից` Հեյդարի փրկած ժողովրդավարական Ադրբեջանից, խլեցին Ղարաբաղը, ինչի պատճառով իրենց դեմ տրամադրեցին միջազգային ողջ հանրությանը, զրկվեցին տարածաշրջանային նախագծերին մասնակցելու հնարավորությունից, օրինակ՝ ինչպիսին Nabucco-ն է: Այ, եթե հայերը ժողովրդավարական կառավարություն ունենային, Ադրբեջանն այսօր իր բարելներն ու խորանարդ-մետրերը Հայաստանով եղբայրական Թուրքիա կմղեր, հաստատ կմղեր, եւ նույնիսկ կաներ անհնարը` Կասպից ծովում նոր նավթահորեր կգտներ` հատուկ, որպեսզի Հայաստանով տեղափոխվող ծավալները հանկարծ չնվազեին եւ, որպեսզի հայ ժողովուրդն ապրեր կուշտ ու երջանիկ, ինչպես ադրբեջանցի ժողովուրդը: Ժողովուրդ, որին ազատագրել է Հեյդար Ալիեւը:
Շնորհակալություն Ազեր, շնորհակալություն սիրելիս:



























