Ողջ Կալիֆոռնիայից եկած հազարավոր ամերիկահայեր հոկտեմբերի 4-ին հավաքվել էին «Beverly Hilton Hotel»-ի մոտ բողոքելու հայ-թուրքական արձանագրությունների դեմ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ամերիկահայերի հետ՝ ներկայացնելու հայ-թուրքական արձանագրությունները: «Asbarez» պարբերականի փոխանցմամբ, հանրահավաքը կազմակերպվել էր «Stop The Protocols» արշավի շրջանակներում:

Ցուցարարների ձեռքին եղել են «Թուրքիա, ճանաչիր ցեղասպանությունը» եւ «Ոչ արձանագրություններին» վերտառությամբ պաստառներ: Անգամ երկնքում փոքր ուղղաթիռներ էին պտտվում՝ «Ոչ հայ-թուրքական արձանագրություններին» պաստառներով:

Ըստ պարբերականի՝ հայաստանյան պատվիրակությունը հանգրվանել էր հյուրանոցի 12-րդ հարկում, որտեղից էլ հայ պաշտոնյաները դիտում էին ցուցարարների բողոքը, որոնք Հայաստանի նախագահից պահանջում էին ընդունել եւ լսել իրենց:

Բողոքի ակցիայի 4-րդ ժամվա ընթացքում ցուցարարների մի մասը կարողացել է ճեղքել ոստիկանական արգելապատնեշը եւ շրջափակել հյուրանոցը, ինչի պատճառով Ուիլշիր փողոցի երթեւեկությունը խափանվել է:

Ցուցարարների հետ զրուցել է Դաշնակցության Արեւմտյան ափի կոմիտեի անդամ Հովհան Թաշչյանը, ով ներկա էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ Նա հայտնել է, որ զրույցի ընթացքում "Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել արձանագրությունների դեմ: