ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել է ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել հուլիսի 15-ին նախատեսվող շփման գծի դիտարկման կազմակերպման համար: Դիտարկումն անցկացվելու է ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ասկերանի ուղղությամբ:

ԼՂՀ կողմից դիտարկումն անցկացնելու են ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), Վլադիմիր Չոունտուլովը (Բուլղարիա) եւ Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):

Հակառակորդի դիրքերից դիտարկմանը մասնակցելու են Պիտեր Քին (Մեծ Բրիտանիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա):

Հիշեցնենք, որ ԼՂՀ ներկայացուցիչները ԵԱՀԿ առաքելությանը մշտապես ուղեկցել են շփման գծի առաջավոր դիրքեր, մինչդեռ ադրբեջանական պաշտոնյաները համառորեն հրաժարվում են կատարել առաքելության այս պահանջը: