Այսօր, մայիսի 4-ին Կազանում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր, աշխարհի երրորդ համար Լեւոն Արոնյանի մասնակցությամբ տեղի կունենա շախմատի համաշխարհային թագի հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը եւ զույգերի խաղաքարերի գույնի վիճակահանությունը: Առաջին պարտիաները տեղի կունենան վաղը, մայիսի 5-ին:

Լեւոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի վարկանիշային առաջատարն է, քանի որ առաջին համարն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդն է, իսկ համաշխարհային դասակարգման երկրորդ համար Մագնուս Կարլսենը հրաժարվեց մասնակցելուց: Կազանի մրցաշարի հաղթողը 2012թ. ապրիլին եւ մայիսին աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ կանցկացնի 12 պարտիայից բաղկացած եզրափակիչ մրցամարտը:

Հավակնորդների մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան, Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան եւ Թաթարստանի սպորտի, տուրիզմի եւ երիտասարդության գործերի նախարարությունը:

Հավակնորդների մրցաշարին մասնակցում են աշխարհի առաջատար գրոսմայստերները.

Լեւոն Արոնյան (2808, Հայաստան), Վլադիմիր Կրամնիկ (2785, Ռուսաստան), Վեսելին Տոպալով (2775, Բուլղարիա), Շաքրիյար Մամեդյարով (2772, Ադրբեջան), Ալեքսանդր Գրիշչուկ (2747, Ռուսաստան), Թեյմուր Ռաջաբով (2744, Ադրբեջան), Բորիս Գելֆանդ (2733,  Իսրայել), Գատա Կամսկի (2733, ԱՄՆ):

Մրցաշարը կանցկացվի նոկաուտ մրցակարգով: Քառորդ եզրափակիչում եւ կիսաեզրափակիչում զույգերը կանցկացնեն չորսական դասական պարտիա, իսկ եզրափակիչում` վեց պարտիա: Ոչ ոքիի դեպքում թայ բրեքում կանցկացվի արագ շախմատի չորս պարտիա եւ անհրաժեշտության դեպքում բլից, մինչեւ տասը պարտիա:

Քառորդ եզրափակիչի զույգերն են Արոնյան - Գրիշչուկ, Կրամնիկ - Ռաջաբով, Տոպալով - Կամսկի, Մամեդյարով - Գելֆանդ:

Մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: