Մամուլի ազատության համաշխարհային կազմակերպությունը դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով ազատ արձակել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

«Փաշինյանը մեղադրվում է չափազանց լուրջ հանցագործության մեջ, սակայն իրականությունն այն է, որ նա միայն իրագործել է ազատ արտահայտման իրավունքը 2008թ. մարտի 1-ին կայացած խաղաղ հանրահավաքի ընթացքում, եւ որը դաժանաբար ճնշվել է ոստիկանության ուժերի կողմից: Այդ արյունոտ միջադեպի պատճառով զոհվեցին 10 հոգի»,- նշում են կազմակերպության պատասխանատուներն ու հիշեցնում ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, որում գրված է. «հնարավոր է, որ զոհերի մի մասը կանխամտածված սպանությունների հետեւանք է, մարդկային զանգվածին վերահսկելու գործիքների սխալ կիրառման արդյունք»:

ՄԱՀԿ-ի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին նաեւ հիշեցնում են, որ Փաշինյանը ընդհատակից դուրս եկավ, երբ ԱԺ-ն ընդունեց «Համաներման մասին» որոշումը, եւ անմիջապես ձերբակալվեց: Ընդ որում, իրավապահներն արհամարհեցին ԵԽԽՎ բանաձեւի պահանջը:

«Լրագրողի ձերբակալությունը մասնագիտական գործունեության համար՝ մարդու հիմնարար ազատությունների կոպիտ խախտում է: Պահելով նրան բանտում՝ Դուք նաեւ նրա լսարանին եք պահում պատանդի կարգավիճակում, ինչը ժողովրդավարության դեմ կատարված քայլ է»,- նշել են մամուլի ազատության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանին խորհուրդ տալով օգտագործել իր իշխանությունն ու անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին:

Նամակի տակ ստորագրել են Մամուլի ազատության համաշխարհային կազմակերպության նախագահ Ռիչարդ Ուինֆիլդն ու ծրագրերի տնօրեն Խավիեր Սիերան: