Սերժ Սարգսյանը իր համահայկական ուղեւորության շրջանակներում Նյու Յորքում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, որի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները: Դրանց վերաբերյալ տեսակետները տարբեր են եղել: Մասնավորապես Հայ Դատի գրասենյակը և Հայ Օգնության միությունը ներկայացնող գործիչները դեմ են արտահայտվել արձանագրություններին:
«Ես կասկած չունեմ առանձնապես, որ սահմանների բացման խնդիրը պետք է լինի և համաձայն եմ, անպայման պետության տեսակետին: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ լավ է: Սակայն կան կետեր, որոնք, տակավին, բացատրության կարիք ունեն, մանավանդ, երբ պատմաբանների կամ պատմագետների խնդիրը մեջտեղ կդրվի»,- իր խոսքում ասել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի վարչության անդամ Վիգեն Այկազյանը:
ԱՄՆ Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայեն Արդունին էլ նշել է. «Շատ բուռն քննարկումներ եղան և շարունակությունն էլ հավանաբար այդպես կլինի: Սակայն սա գործընթացի մի մասն է: Կարևոր է, որ նախագահը հստակ ձևակերպեց` ցեղասպանության հարցում հետընթաց չի լինի և Ղարաբաղյան հարցում զիջումներ չեն սպասվում»: Կարծիքների փոխանակումից հետո Նյու-Յորքյան հանդիպումն ավարտվել է Սերժ Սարգսյանի ամփոփիչ խոսքով:



























