Վերջին 10 տարիներին Առողջապահության նախարարություն է դիմել 5000-6000 ասթմայով հիվանդ մարդ, ինչը ասթմայով հիվանդների 3-5 տոկոսն է կազմում: Այս մասին այսօր` մայիսի 4-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության թերապեւտ, թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Ըստ որում`նախարարություն հաշվառման են դիմում այն հիվանդները, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն:
Հարցին, թե ինչո՞ւ չի նվազում կամ ինչու չի ավելանում ասթմայով հիվանդների քանակը, նա պատասխանեց, որ դա դիմող հիվանդների քանակն է. «Իսկ հիվանդը, ով դիմում է եւ հասկանում, թե ինչպես կարող է ինքն իր ասթման հսկել, նա էլ չի դիմում եւ փաստորեն չկա հաշվառման մեջ»,- ասաց Անդրանիկ Ոսկանյանը, հավելելով, որ ամեն տարի հաշվառվում է մոտ 700 ասթմայով հիվանդ:
Հիվանդությունը բնորոշ է բոլոր տարիքային խմբերին, թե’ արական, թե’ իգական սեռի ներկայացուցիչներին: Անդրանիկ Ոսկանյանի խոսքով`վերջին 10 տարիներին կյանքի որակը բարելավվել է, նոր դեղամիջոցներ են ի հայտ եկել, ինչի արդյունքում 3 անգամ նվազել է ասթմայից մահացությունը:
Նշենք, որ մայիսի 3-ը Ասթմայի համաշխարհային օրն է: Այն հռչակվել է ԱՀԿ-ի կողմից եւ անցկացվում է «Ասթմայի դեմ գլոբալ նախաձեռնության» (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Այս տարի Ասթմայի համաշխարհային օրը անցկացվել է «Դու կարող ես վերահսկել քո ասթման» նշանաբանով, որի նպատակն է ցույց տալ, որ գոյություն ունի ասթմայի արդյունավետ բուժում:
Առաջին անգամ Ասթմայի համաշխարհային օրը նշվել է 1998 թվականին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 35 երկրի կողմից` ասթմայի խնդիրներին նվիրված Առաջին համաշխարհային հանդիպման շրջանակներում: Ասթմայի օրը նշում են յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը:





























