Շտապ օգնության բոլոր կանչերն անվճար են, այսօր՝ մայիսի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Նրա խոսքով, այս տարվա հունվարի 1-ից էապես բարձրացվել են շտապօգնության աշխատակիցների աշխատավարձերը, ինչը թույլ է տալիս կանչերի համար գումար չվերցնել։ Ասվածը չի վերաբերում մասնավոր շտապօգնության կենտրոններին, ինչպես՝ «Էրեբունի» հիվանդանոցինն է։
Հ. Քուշկյանը նաեւ տեղեկացրեց, որ հանրապետություն են հասել չինական արտադրության 20 նոր «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենաներ։ Առաջիկա 1-1.5 ամսում տեղ կհասցվեն նաեւ նախատեսված մյուս մեքենաները, թվով՝ 88 հատ։ Նախարարը հավաստիացրեց, որ չինական մեքենաները որակյալ են եւ լիարժեք կսպասարկեն հիվանդներին։ Մեքենաներից 20-ը կունենան վերակենդանացման ժամանակակից սարքավորումներ։





























