Ինդոնեզիայում պաշտոնապես հայտարարել են արեւմտյան Սումատրայում որոնողա-փրկարարական գործողության աստիճանական դադարեցման մասին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ այնտեղ հուժկու երկրաշարժ էր եղել:

Աշխատանքների ավարտի մասին հոկտեմբերի 5-ին հաղորդել է AFP-ն:

Երկրի իշխանությունների խոսքերով, Պադանգ քաղաքում կենդանի մարդկանց որոնելու աշխատանքները դադարեցվել են դեռ նախօրեին գիշերը, սակայն դրանք շարունակվելու են մյուս ինդոնեզական քաղաքներում:

Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԻՆ փրկարարներն ավարտել են Պադանգի ավերակներում մարդկանց որոնումները: Ռուսաստանցի փրկարարների խոսքերով, երկրաշարժից հինգ օր անց ավերակների տակ կենդանի մարդկանց գտնելու հավանականությունը շատ քիչ է, եւ, հավանաբար հենց դրանով է պայմանավորված իշխանությունների որոշումը:

BBC-ն, հղում անելով Ինդոնեզիայի առողջապահության նախարար Սիտի Ֆադիլա Սուպարիին, հաղորդում է, որ Սումատրայի երկրաշարժի զոհերի ընդհանուր թիվը կարող է հասնել 3 հազարի: Եւս մի քանի տասնյակ հազար մարդ վնասվածքներ են ստացել եւ զրկվել կացարանից:

Հիշեցնենք, որ հզոր ստորգետնյա ցնցումները Ինդոնեզիայում տեղի են ուենցել սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին: Ստորգետնյա ցնցումների առաջին փուլը Արեւմտյան Սումատրա նահանգում տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին: Երկրի երեսից գործնականում ջնջվել է Պադանգ քաղաքը: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,6 բալ: 7 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, Սումատրայի մերձակայքում՝ Բենգկուլու նահանգից 154 կմ հյուսիս-արեւմուտք: