Քիչ առաջ Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամաններով համակարգում կադրային փոփոխություններ են կատարվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդմ, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Գրիգորյանը` ազատվելով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնից:
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Կոտայքի մարզի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հովհաննիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ:
Զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է անցել նաեւ ոստիկանության Սիսիանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հովիկ Սողոմոնյանը:
Ալիկ Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արա Դավթյանը ազատվել է ոստիկանության շտաբի քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Սիսիանի բաժնի պետ:
Ոստիկանության փոխգնդապետ Կամո Ասատրյանը նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի պետի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Նոր Նորքի բաժնին կից ՊՊՎ պահպանության բաժնի նախկին պետ Արթուր Հակոբյանն ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալված է` Կոնվերս բանկի «Նոր Նորք» մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարելու համար:
Մարտի 29-ին նա զինված եւ դիմակավորված ներխուժել էր Գայի պողոտայի վրա գտնվող Կոնվերս բանկի «Նոր Նորք» մասնաճյուղ եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37 հազար 800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել էր նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության շնորհիվ:





























