10-ամյա հայազգի Սեմ Սեւյանը դարձել է ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի պատմության մեջ առաջին ամենաերիտասարդ շախմատի վարպետը, գրում է «Los Angeles Times»-ը: Չորրորդ դասարանում սովորող Սեմը շախմատի վարպետի կոչում էր ստացել անցած դեկտեմբերին:

Թերթը գրում է, որ Սեմն ապրում է ծնողների,  կրտսեր քրոջ հետ Սան Խոսեի օդանավակայանի մերձակայքում գտնվող երկսենյականոց համեստ բնակարանում: Սեմն ու նրա 8-ամյա քույրը` Իզաբելը,  քնում են մեկ սենյակում, որտեղ դրված է երեք մահճակալ, մեկն էլ նրանց տատիկի համար, ով հաճախ է հյուր գալիս Հայաստանից:

Սեմը սովորական երեխա է` հեծանիվ է քշում, հեռուստացույց է դիտում, բայց օրվա  հիմնական մասը նվիրում է տնային աշխատանքներին եւ շախմատին: «Ես երբեք չեմ հոգնում շախմատ խաղալուց»,-ասում է նա:

Skype-ի միջոցով  Սեմը դասեր է առնում իր 32-ամյա մարզիչ, միջազգային վարպետ  Անդրանիկ Մատիկոզյանից, ով ապրում է Լոս Անջելեսում:

Սեմի  հայրը` 39-ամյա Արմենը, մասնագիտությամբ ֆիզիկոս է, դոկտորական աստիճան է ստացել Հյուսիսային Կարոլինային համալսարանում եւ աշխատում է Սիլիկոնային հովտի ընկերություններից մեկում: Նա մեծացել է Հայաստանում, որտեղ շախմատին մեծ ուշադրություն են դարձնում:

Սեմը ծնվել է Նյու Յորքում, սակայն հոր աշխատանքի պատճառով տեղափոխվել են Սանտա Կլարա:

Երբ Սեմը 5 տարեկան է եղել, հայրը նրան շախմատ խաղալ է սովորեցրել. «Երխաների մեծ մասը պարզապես արագ խառնշտում է ֆիգուրները, բայց Սեմն իսկապես ուսումնասիրում էր տախտակը»,-պատմում է հայրը:

Այս տարի Սեմը հրավիրվել է Նյու Յորքում Կասպարովի հետ անցկացվելիք երկօրյա վարպետության դասերին: Աշնանը հայրը նախատեսում է նրան տանել Շախմատի միջազգային ֆեդերացիայի կողմից Բրազիլիայում անցկացվելիք միջազգային մրցաշարին: Եթե Սեմը լավ խաղա, նա միավորներ կվաստակի իր հաջորդ` միջազգային վարպետ դառնալու նպատակի համար: