Հայաստանյան խորհրդարանականներն առայժմ ձեռնպահ են մնում հստակ մեկնաբանել իրենց գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարո Կարապետյանի արարքը, որն այսօր առավոտյան գնդակահարել է Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սահմանափակվեց միայն հայտարարությամբ. «Մենք գիտենք միայն այն, ինչ ասված է ոստիկանության հայտարարության մեջ: Այլ բան մեզ հայտնի չէ: Կսպասենք հետաքննության ավարտին»: Կառավարող կոալիցիայի ներկայացուցիչները NEWS.am-ի թղթակցի հետ մասնավոր զրույցում իրենց գործընկերոջ արարքը, նվազագույնը խոզություն որակեցին, բայց պաշտոնական մեկնաբանություններում չափազանց զուսպ էին: Այսպես, Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դատապարտեց տվյալ միջադեպը, ընդգծելով, որ դրա հետեւանքները բացասական կլինեն: Այդուհանդերձ, նա հրաժարվեց հստակ գնահատական տալ Կարո Կարապետյանի արարքին՝ կոչ անելով սպասել մինչե քննության ավարտը: Անմարդկային եւ արգահատելի որակեց Կարապետյանի արարքը «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: «Զարմանում եմ՝ ինչո՞ւ պիտի պատգամավորը զենքը գրպանում շրջի»,- նկատեց նա: Բարձրաստիճան պատգամավորներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ, դատելով ոստիկանության հաղորդագրությունից, կարելի է առանց վարանելու ասել, որ Կարապետյանի դեմ քր.գործ է հարուցվելու եւ մոտ է այն օրը, երբ գլխավոր դատախազը կգա խորհրդարան՝ խնդրելով Կարապետյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից:

Համաձայն ոստիկանության հաղորդագրության, հոկտեմբերի 5-ի առավոտյան Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Կարո Կարապետյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ:

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Ա. Զադոյանը ավտոմեքենայի բանալիով հարվածել է Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իր հերթին իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով հինգ անգամ կրակել է Ա. Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել են նրա աջ ձեռքին եւ աջ ոտքին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ներկայում ոստիկանությունում ճշտվում են դեպքի մանրամասները: