Այս հանգստյան օրերին հայկական սփյուռքի կյանքի մասին նոր փաստագրական ֆիլմ կցուցադրի թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը, որն էլ հենց ֆինանսավորել է ֆիլմի նկարահանումը, գրում է Hurriyet Daily News & Economic Review-ն:

Բավականին մեծ բյուջե ունեցող այս ֆիլմը նկարահանվել է մեկ տարվա ընթացքում Բուենոս Այրեսի (Արգենտինա) եւ Վալանսի (Ֆրանսիա) հայկական համայնքներում: «Հիշելով բարեկամությունը» (Dostluğu Hatırlamak) վերնագրով ֆիլմն արտացոլում է ռեժիսոր Սեվինջ Եշիլթաշի` հայերի մասին այլ պատմություն պամելու ցանկությունը:

«Մինչ նկարահանումը ես դիտեցի TRT –ի արխիվի պատմական խնդիրների մասին պատմող բոլոր ֆիլմերը: Ես ցանկանում եմ, որ իմ ֆիլմը մարդկային պատմությունների մասին լինի, ոչ թե պատմական իրադարձությունների»,-նշել է ռեժիսորը:

«Պատմական խնդիրների մասին խոսելու համար պետք է պատմաբան լինել: Ես ցանկացել եմ պատմել քաղաքականությունց դուրս գտնվող սովորական մարդկանց պատմությունը»,-նշել է նա:

Եշիլթաշի խոսքով` նկարահանումների ժամանակ ինքը հասկացել է, թե որքան նմանություններ ունեն հայերն ու թուրքերը: