Գարնանը, եղանակային տատանումներով պայմանավորված, հիպերտոնիկ կրիզով եւ սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց թիվն ավելանում է շուրջ 30 տոկոսով։ Մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Դիագնոստիկա» բժշկական միավորման սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար, սրտաբան  Մարինե Օրդյանը։

«Գոնե մեր բուժհաստատությունում եւ անձամբ ինձ մոտ այս օրերին հիպերտոնիկ կրիզով եւ սիրտ-անոթային խնդիրներով դիմող պացիենտների թիվը կրկնակի ավելացել է։ Նախկին  20-25 նման հիվանդի ընդունելու փոխարեն այժմ շաբաթական 40-50 մարդու եմ ընդունում»,- ասաց բժշկուհին՝ ավելացնելով, որ հիվանդների թվի աննախադեպ աճը պայամանավորված է հանրապետություն ներխուժած ցիկլոնի, հետեւապես մթնոլորտային ցածր ճնշման եւ օդում թթվածնի քանակի պակասեցման հետ։ «Մարդիկ այս օրերին թթվածնային քաղց են ունենում, զարկերակային ճնշման տատանումներ, այդ է պատճառը, որ ինֆարկտներից եւ ինսուլտներից խուսափելու համար պետք է շատ զբոսնեն մաքուր օդում, խուսափեն ավելորդ սթրեսներից, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում նյարդային համակարգը հանգստացող խոստաբույսերի թուրմեր ընդունեն։ Սրան հակառակ՝ զարկերակային ճնշման տատանումներ ունեցողները չպետք է խմեն ճնշումը կարգավորող դեղեր՝ առանց նաօրոք իրենց  բժշկի հետ խորհրդակցելու, որովհետեւ նման դեղամիջոցներն ուն են լուրջ հակացուցումներ»,- ընդգծեց սրտաբանը՝ միաժամանակ հավելելով, որ ճնշումն իջեցնելու ժողովրդական բժշկության  մեթոդները՝ կիտրոն եւ մածուն ուտել, հանքային ջուր խմել եւ այլն, արդյունավետ են միայն համապատասխան դեղորայքի կիրառության պարագայում:

Ամփոփելով՝ մասնագետը տեղեկացրեց, որ ըստ միջազգային ուղեցույցի սահմանած տվյալների՝ առողջ մարդու զարկերակային ճնշումը պետք է լինի 130/80 սնդիկի սյան սահմաններում։

Նշենք, որ ըստ համաշխարհային վիճակագրության՝ Երկրագնդի բնակչության 65-70 տոկոսը 40 տարեկանից հետո տառապում է հիպերտոնիայով՝ զարկերակային ճնշման բարձրացմամբ։ Ընդ որում, հիվանդությունը երիտասարդացման միտում ունի։