Ադրբեջանի պետական քարոզչամեքենան նոր խորամանկ քայլի է դիմել, որի նպատակը մի քանի օտար լեզուներով սեփական «արտադրանքի» հետ ամբողջ աշխարհին ծանոթացնել է։ Հոկտեմբերի 5-ից սկսել է «ATV International» արբանյակային հեռուստաալիքի հեռարձակումը, որի եթերում օրը երկու անգամ լրատվական թողարկումներ կլինեն ոչ միայ ռուսերենով, անգլերենով, պարսկերեն, այլեւ՝ հայերենով։
Ընդհանրապես, Բաքվի բարձրաստիճան պաշտոնյանները արդեն մի քանի տարի է, ինչ պարբերաբար խոսում են հայերենով հեռարձակվող հաղորդումների վերաթողարկման մասին, որը դադարեցվել էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո (մինչեւ 1990 թվականի Բաքվի հայերի ջարդը Խորհրդային Ադրբեջանի միակ հեռուստաալիքի եթերում կար նաեւ հայերենով թողարկում)։ Առաջին անգամ նման նախաձեռնությամբ հանդես եկավ վերջերս ստեղծված Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության տնօրեն Իսմաիլ Օմարովը։ Նրա փորձերը, սակայն, ավելի շատ նման էին հասարակական կարծիքի փորձարկման, որով պետք էր ազերի հանդիսատեսին երկար նախապատրաստել էկրաններին «հայկական դահիճների, մարդասպանների եւ բռնացողների» լեզվի հայտնվելուն։
Արդյունքում Ադրբեջանի իշխանությունները որոշել են կրկնակի խորամանկության գնալ՝ նորաստեղծ «ATV International» արբանյակային հեռուստաընկերությամբ միանգամից մի քանի լեզուներով, ներառյալ նաեւ հայերենով հեռարձակում սկսելով։ Վերջինս իբրեւ թե անկախ, սակայն իրականում լավ էլ վերահսկվող «Azad Azerbaijan»-ի «դուստրն է»։
Ստեղծվել է շատ ծիծաղելի իրավիճակ։ Մի կողմից հեռուստաալիքն անվանում են անկախ, իսկ մյուս կողմից այդ հեռուստաընկերության միակ խնդիրը հռչակվում է բացառապես Ադրբեջանի «ձեռքբերումների» քարոզումը։
Եւ անշուշտ այստեղ չէին կարող տեղ չհատկացնել արդեն հոգնեցրած «1մլն փախստականների եւ 20 տոկոս գրավյալ տարածքների» քարոզչությանը։ Առանձին հեռուստաընկերության ստեղծումը եւս մեկ նպատակ ունի։ Պետական Aztv-ն այնքան է խճճվել Իլհամ Ալիեւի ընտանիքի յուրաքանչյուր անդամի, նույնիսկ զբոսանքների մասին պատմող ամենօրյա մանրամասն լուսաբանումից, որ հեռուստաընկերության պրոֆեսիոնալիզմից հեռու աշխատակիցները ի վիճակի չեն լուծել տարրական խնդիրը, այն է՝ առաջ տանել ծիծաղելի տեղեկատվական քաղաքականությունը արդեն օտարազգի հեռուստադիտողների համար։
Ամեն դեպքում , փաստը մնում է փաստ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վճռորոշ փուլում Ադրբեջանի իշխանությունները դիմել են նոր միջոցի, իրենց հեքիաթները տարածելու մի քանի լեզուներով, այդ թվում՝ նաեւ հայերենով։ Ու թեեւ պետք չէ գերագնահատել դրա նշանակությունը (դժվար թե լինեն շատ մարդիկ, ովքեր անհամբեր սպասում են"ATV International"-ի հաղորդումներին, բացառությամբ հենց իրենց՝ ադրբեջանցիների մի փոքր հատվածի), բայց պետք չէ նաեւ թերագնահատել եղածը։ Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի արբանյակային հեռարձակում ունեցող պետական եւ հանրային հեռուստաընկերությունները, որոնք ծրագրացանցում ունեն նաեւ անգլերենով եւ ռուսերենով թողարկումներ՝ ի տարբերություն Հայաստանի հանրային հեռուստաընկերության, ապա բավականին տխուր պատկեր է ստեղծվում միջազգային հանրության աչքում Ադրբեջանի պետական-քարոզչամեքենայի սադրանքները չեզոքացնելու գործում։
Հայաստանի իշխանությունները եւս վերջապես պետք է մտածեն այդ հարցի մասին։ Ժամանակը չէ՞ արդյոք ընկալել, որ հայկական հեռուստալիքների միայն հայերենով հեռարձակումը անհեռանկարային է ու վնասակար։ Չէ՞ որ որքան շատ օտարազգի մեզ լսի ու հասկանա, այնքան լավ։




























