Գերմանական Der Spiegel պարբերականը  «Գերմանացիները եւս պատասխանատվություն են կրում» խորագրով հարցազրույց է հրապարակել 51-ամյա բեռլինցի Ադնան Օրալի հետ, ով ցանկանում է  Բեռլին տեղափոխել Մեհմեդ Աքսոյի  հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը, որը կանգնեցված էր Կարսում: Der Spiegel-ի հարցին, թե ինչո՞ւ է դա արվում, Օրալն ասել է. « Կարծում եմ` անտանելի է, երբ արվեստի գործը կառավարության ձեռքի մեկ շարժումով կարող է տապալվել»:

Ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է նա իրագործելու իր մտադրությունը, երբ հուշարձանն ունի 35մ բարձրություն եւ կշռում է 300 տոննա, Օրալն ասել է.  «Երբ խնդրին նայում ես` համեմատելով հայ ժողովրդի ճակատագրի հետ, հասկանում ես, որ դա այնքան էլ դժվար չէ»:

«Վերջապես, գերմանացիները եւս պատասխանատվություն են կրում թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության համար»,-ասել է Ադնան Օրալը:  «Այսի՞նքն», -հարցրել է Der Spiegel-ի թղթակիցը: «Ժամանակին գերմանացի սպաները Կոստանդնուպոլսում սուլթանի խորհրդականներն էին, եւ գերմանական Ռեյխը շահագրգռված էր, որ Թուրքիայում իրավիճակը չապակայունանա: Բեռլինը ոչինչ չարեց հայերի կոտորածը կանխելու համար», - պատասխանել է Օրալը:

Նա  նշել է, թե արձանի տեղափոխությունը կատարելու է սեփական եւ պաշտոնական միջոցներով: Թղթակիցը նկատել է, որ շատերը հուշարձանը տգեղ են համարում եւ հարցրել է, թե արդյոք Օրալը տեսե՞լ է այն: «Ոչ, չեմ տեսել, արվեստը կարող է ոչ բոլորին դուր գալ: Այն պետք է մարտահրավեր նետի»,-պատասխանել է թերթի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Կարսում տեղադրված հուշարձանը, որը Թուրքիայի վարչապետ Էրդողանը «հրեշավոր» էր համարել, ապրիլի 26-ին ապամոնտաժվել է: Անկարայի այդ քայլը դատապարտել էին մի շարք եվրոպական երկրներ: