Դեռեւս անհնար է ասել, թե արդյոք «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը կզրկվի պատգամավորական մանդատից, եւ ինչպես դա կազդի նրա ղեկավարած քաղաքական ուժի պոտենցիալի վրա: Սակայն հաշվի առնելով այն, որ այլ ընդդիմադիր ուժեր գնում են կոնսոլիդացիայի ճանապարհով, կարելի է պնդել, որ «Իմ քայլը» եւ «Քաղաքացիական պայմանագիրը» կմնան մենակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա պարզաբանեց, որ դա նշանակում է երկրի քաղաքական դաշտում ռադիկալ առճակագում:

««Բարգավաճ Հայաստանի» դեմ իշխանությունների գործողությունները քաղաքական ենթատեքստ եւ պատճառ ունեն: Կոնսոլիդացիայի ֆոնին խորհրդարանում երկրորդ ուժ հանդիսացող կուսակցությունը պահանջում է կառավարության հրաժարականը, ինչը կոշտ արձագանք է ստացել իշխանությունների կողմից»,-հավելեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ որեւէ հաշվարկ իշխանությունները չեն արել, իսկ երեկվա գործողությունները կապված են ոչ ադեկվատ բնույթի եւ վարչապետի պահվածքի հետ:

«Ելնելով նրանից, որ մոբիլիզացվել են լուրջ քաղաքական ուժեր՝ Ծառուկյանի կողմնակիցների ակտիվությունը իշխանությունների համար անսպասելի չէր»,-եզրափակեց Ստեփան Դանիելյանը: