Շատ էլ իրավաչափ էր ամեն ինչ երեկ, հերիքա «drama» սարքեք: Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցների, այդ թվում՝ պատգամավորների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած միջադեպին։ Նա մասնավորապես նշել է.
«Ինչքան նայել եմ տեսագրությունները երեկվա ցույցերի, վաղուց ոստիկանները սենց քաղաքավարի չեն եղել ու զուսպ: Հազար անգամ խնդրում են մարդկանց հեռու մնալ, պահպանել համաճարակի հետ կապված անվտանգության նորմերը, որ մարդիկ չվարակվեն բայց իհարկե ուրիշների մասին մտածող չկա: Հիշում եմ electric yerevan, Մաշտոցի ցույցերը, հեղափոխության ու շատ ուրիշ ցույցերի ժամանակվա ոստիկանության անհամաչափ բիրտ ուժի կիրառումը ու հեչ համեմատելու չէ երեկվա գործողությունների հետ, ոչ էլ հատուկ կանանց հանդեպ վերաբերմունք կար մտահոգիչ»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ աշխատակիցները խուզարկում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, որից հետո նա հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։
Նրա աջակիցները եւ ԲՀԿ-ական պատգամավորները եւս գնացել էին ԱԱԾ շենքի մոտ։ Ոստիկանները հավաքի մասնակիցներից 252 քաղաքացու բերման էին ենթարկել։ Հավաքի ընթացքում ԲՀԿ-ական կին պատգամավորները Խանջյան փողոցի վրա նստացույց էին իրականացնում։ Նստացույցը դադարեցնելու համար ոստիկանները բռնի ուժով հեռացրին կին պատգամավորներին։





























