Այսօրվա իրականության մեջ թուրքական կողմն է ետ նահանջում իր նախապայմաններից եւ ոչ թե հայկականը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ սփյուռքահայության ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է մոսկվաբնակ քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը:
«Առաջին անգամ հայկական ղեկավարությունը փորձում է ընդունել շատ կարեւոր ու շրջադարձային որոշումներ, որոնց, գուցե, հատկապես սփյուռքում մարդկանց մեծ մասը պատրաստ չէ, դրա համար այսօր բախվում են իրատեսությունը քաղաքականության մեջ եւ, ցավոք սրտի, դիցաբանությունը, որը միշտ գոյություն է ունեցել սփյուռքում: Եվ դա բնականոն է»,- նշել է քաղաքագետն ու հավելել. «Որոշում են ընդունում մարդիկ, որոնք պատասխանատվություն ունեն պետության, ժողովրդի եւ գալիք սերունդների առաջ: Եվ քննարկմանը մասնակցում են մարդիկ, որոնք ոչ մի պատասխանատվություն չունեն, բայց ունեն ջերմ ցանկություն, տաք սիրտ, հայրենասիրություն, բայց, ցավոք, ամբողջ խորությամբ չեն հասկանում այսօրվա հնարավորն ու ցանկալին: Իհարկե, սա մեծ խիզախություն է հայկական ղեկավարության ու հատկապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ գալ ու երես առ երես քննարկել այս հարցերը»:
Անդրանիկ Միհրանյանը նաեւ նշել է, թե «այս փոփոխություններն ու զարգացումները չպետք է որեւէ մեկի կողմից ընդունվեն որպես որեւէ իմաստով նահանջ կամ պարտություն, այլ ընդհակառակը. վերջին տարվա մեջ այս ամբողջ դիվանագիտական հարաբերությունների ընթացքում հայկական դիվանագիտությունն իրեն շատ ճկուն ու փայլուն դրսեւորեց»:



























