Ոստիկանության Եղվարդի բաժին այսօր` մայիսի 8-ին Ժամը 12-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոր Երզկա Շամիրամ ջրանցքում դղամարդու դիակ կա:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Կոտայքի մարզի հրշեջ փրկարար ջոկատի աշխատակիցները Շամիրաշ ջրանցքից դուրս են բերել 65-70 տարեկան տղամարդու դի:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Եղվարդի բաժնի աշխատակիցներն ու քննիչները: Հրշեջների աշխատանքը ղեկավարել է Կոտայքի մարզի հրշեջ փրկարարական վարչության պետ Գեղամ Գրիգորյանը:
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածը Կոտայքի մարզի Զորավար գյուղի բնակիչ Աշոտ Սարգսյանն է:
Նախնական տեղեկություններով, դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն քննչական մարմինը վերջնական պատասխանը կստանա դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո:
Ոստիկանության Եղվարդի բաժնում նյութեր են նախապատրաստվում:





























