ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը չափազանցված է անվանել մտահոգություններն ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի կապակցությամբ: Նրա հոդվածը հրապարակվել է The Wall Street Journal թերթի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին օրերին լրատվամիջոցները սկսել են ահազանգել կորոնավիրուսի «երկրորդ ալիքի» մասին: Այս խուճապը չափազանցված է»,- ասել է Փենսը, ով ղեկավարում է Սպիտակ տանը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:
Ըստ Միացյալ Նահանգների փոխնախագահի՝ նահանգների մեծ մասում վարակվածների թիվը կրճատվում է կամ պահպանվում է նույն մակարդակում:
Փենսը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ում դրական արդյունքով կորոնավիրուսի ախտորոշման թեստերի նվազել է մինչեւ 6 տոկոս: Մինչ օրս, նրա խոսքով, Միացյալ Նահանգներում վարակման հաստատված դեպքերի միջին օրական քանակը նվազել է մինչեւ 20 հազար՝ չնայած նրան, որ ապրիլին այդ թիվն օրական մոտ 30 հազար էր կազմում, իսկ մայիսին՝ շուրջ 25 հազար: Մահվան դեպքերի թիվը, ըստ փոխնախագահի, կանգնած է օրական մոտ 750 մարդու մակարդակում՝ երեք անգամ ավելի ցածր, քան մի քանի շաբաթ առաջ էր:
«Լրատվամիջոցները փորձում են ամեն կերպ վախեցնել ամերիկացիներին, եւ երկրորդ ալիքի մասին մռայլ կանխատեսումներն այդ մոտեցման եւս մեկ հաստատումն են»,- ասել է Փենսը: Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները կարողացել են «դանդաղեցնել [վարակի] տարածումը, օգնել առավել խոցելիներին [բնակչությանը], կյանքեր փրկել», ինչպես նաեւ հիմք ստեղծել ապագայում նմանատիպ մարտահրավերներին դիմակայելու համար: «Սա տոնելու առիթ է, այլ ոչ թե՝ ԶԼՄ-ների կողմից վախ առաջացնելու»,- եզրափակել է ԱՄՆ փոխնախագահը:





























