Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի քառորդ եզրափակիչի Լեւոն Արոնյան - Ալեքսանդր Գրիշչուկ չորրորդ պարտիայից հետո կայացած մամուլի ասուլիսում ռուսաստանցի գրոսմայստերը հայտարարել է, որ չէր պատրաստվում երկար խաղալ, որպեզի հասներ Անգլիայի առաջնության Մանչեսթեր Յունայթեդ - Չելսի հանդիպման հեռարձակմանը:
Սպիտակներով խաղացած Գրիշչուկն արդեն 17-րդ քայլում առաջարկեց ոչ ոքի, որն Արոնյանն ընդունեց:
Գրիշչուկը խոստովանել է, որ սպիտակներով այդքան արագ ոչ ոքի անելը բավական հիմար բան է, բայց նշել է, որ Արոնյանը կես ժամ ավելի ուներ, բացի այդ դիրքն առանձնապես լավը չէր, Արոնյանին էլ հաստատ ծանոթ կլիներ, իսկ սպիտակ գույնը ձիերին եւ փղերին ավելի ուժեղ չի դարձնում:
Արոնյանը ասել է, որ մարտական իրադրություն էր առաջացել եւ եթե մրցամարտային պարտիա չլիներ, ապա դեռ երկար պայքար կծավալվեր: Արոնյանը հայտարարել է, որ գոհ է արդյունքից:
Մրցամարտի հաշիվը հավասար է` 2:2: Հաղթողը հայտնի կդառնա վաղը, մայիսի 9-ին կայանալիք թայբրեքում:





























