Չինաստանի Կոմկուսի կենտկոմի Քաղբյուրոյի կոմիտեի անդամ, ԿԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Յան Ցզեչին Հավայան կղզիներում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել ցանկացած միջամտություն Թայվանի, Հոնկոնգի եւ Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի գործերին: Այս մասին նշվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանի ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Թայվանի խնդրին, ապա հանդիպմանը Յան Ցզեչին ընդգծել է, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը դրա բաղկացուցիչ մասն է»,- նշել է Չժաո Լիցզյանը: «Չինաստանը պահանջում է, որ Միացյալ Նահանգներն իսկապես հարգեն մեկ Չինաստանի սկզբունքը եւ պահպանեն չին-ամերիկյան երեք համատեղ հայտարարությունների դրույթները, ինչպես նաու զգույշ եւ պատշաճ կերպով կարգավորեն Թայվանի գործերին միջամտության հարցը»,- նշել է դիվանագետը:

Ինչպես նա շեշտեց, Յան Ցզեչին իր ամերիկացի գործընկերոջը նաեւ հայտարարել է, որ Հոնկոնգում ՉԺՀ-ի խորհրդարանի կողմից ազգային անվտանգության օրենսդրության մշակումը Չինաստանի ներքին գործն է, եւ երկրի իշխանությունները վճռական են համապատասխան օրինագիծ նախապատրաստել: Հանդիպման ընթացքում Չինաստանի պատվիրակության ղեկավարն իր ամերիկացի գործընկերոջից պահանջել է, որպեսզի Միացյալ Նահանգները «հարգեն Չինաստանի ինքնիշխանությունը, արդար եւ օբյեկտիվ դիրքորոշում ստանձնեն Հոնկոնգում ազգային անվտանգության օրինագծի կապակցությամբ եւ դադարեցնեն ցանկացած միջամտություն Հոնկոնգի ներքին գործերին»:

Ըստ Չժաո Լիցզյանի՝ կողմերը քննարկել են նաեւ Սինցզյան Ույգուրյան ինքնավար շրջանի հարցը: Յան Ցզեչին Միացյալ Նահանգներին կոչ է արել «հարգել ապաարմատականացման ուղղությամբ Չինաստանի ջանքերը, ինչպես նաեւ դադարել երկակի ստանդարտներն ահաբեկչության դեմ պայքարում»:
Յան Ցզեչին Կոմկուսի կենտկոմի Քաղբյուրոյի կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավարի պաշտոնը, որը Չինաստանի ոչ պաշտոնական կուսակցական-պետական ​​հիերարխիայում ավելի բարձր է, քան Չինաստանի արտգործնախարարության ղեկավարը եւ երկրի բարձրագույն դիվանագիտական ​​պաշտոն է: