Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն «միմոսություն» է անվանել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մեդվեդեւի շնորհավորանքը, որը վերջինս ուղղել է վրաց ժողովրդին:
«Ռուսաստանի ղեկավարության «միմոսությունը» սահման չունի»,- ասել է Վաշաձեն, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
«Չեմ կարծում, որ վրաց ժողովուրդն ընդունի Ռուսաստանի նախագահի շնորհավորանքը: Կարելի է ծաղրածու լինել այնպես, ինչպես ցանկանաս»,- նշել է Վրաստանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով, ֆաշիզմի դեմ պայքարող ռուսաստանցիների թոռները որդեգրել են ֆաշիստների մեթոդները եւ էթնիկ զտումների միջոցով իրենց տներից քշել Վրաստանի 400 հազար քաղաքացիների:
«Ես ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին, այլ ժողովուրդների հետ Հաղթանակի օրվա կապակցությամբ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում, երբ Ռուսաստանում լինեն նորմալ իշխանություններ եւ այդ երկիրը դառնա ժողովրդավարական, մենք եւս մեկ անգամ կնշենք այս տոնը»,- ասել է Վաշաձեն:





























