Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:
Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որ բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, նոր՝ կիրթ ու առողջ սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որ հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը եւ կերտելու էր նոր Հայաստան:
Հայության համար երկրորդ աշխարահամարտն իսկապես Մեծ Հայրենական պատերազմ էր: Հանուն հաղթանակի թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը տվեցին՝ ինչ կարող էին: Ե՛վ տարբեր ճակատներում, եւ՛ դիմադրության ու պարտիզանական շարժումներում, եւ՛ թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ պսակեցին իրենց անունը:
1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ՝ հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ:
Այսօր եւ մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որ բարու հաղթանակն է չարի եւ բարբարոսության նկատմամբ:
Արցախի պատմական մայրաքաղաքի ազատագրմամբ հայ ռազմիկը վերադարձավ որպես նոր գիտակցություն եւ որպես նոր գործոն: Նրանք, որ անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունն իբրեւ բարոյական եւ քաղաքական լիցք:
Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որ ցույց տվեց նախ մեզ, ապա մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»: Մենք լռեցրել ենք եւ, եթե հարկ լինի, այսուհետ եւ՛ս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաների եւ ծնողների վրա: Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլեւս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս տոնի առթիվ: Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է եւ նրա բարի պտուղները: Մաղթում եմ բոլորիս, որ միասին կարողանանք առավելագույնս իմաստավորել խաղաղության ու կայունության յուրաքանչյուր տարին հանուն մեր գալիք սերնդի, որ վաղը հավատարիմ է լինելու իր նախնիների երդմանը եւ շարունակելու է կերտել նոր` ավելի լավ Հայաստան»:





























