Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին Նախագահ Արկադի Ղուկասյանը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին շրջանում արած հերթական կոշտ հայտարարությունը, թե Ադրբեջանը ԼՂ գոյատևման հնարավորություն չի տեսնում իր սահմաններից դուրս և նրա կարգավիճակի մասին հարցն այսօր չի քննարկվում, նշել է. «Ալիև կրտսերը, ժառանգություն ստանալով Ադրբեջանը, ձևացնում է, թե շատ բան չի տեսնում, չի հիշում ու չի լսում: Նա չի տեսնում ԼՂՀ-ի ժողովրդավարական զարգացումը, չի տեսնում Ադրբեջանի կողմից բռնազավթված ԼՂՀ-ի տարածքները, չի տեսնում հարյուր հազարավոր հայ փախստականներին Ադրբեջանից և ԼՂՀ որոշ շրջաններից, որտեղ իր նախորդներին հաջողվել էր իրականացնել էթնիկ զտումներ:

Ալիևը չի հիշում, որ ԼՂՀ-ն կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին լիովին համապատասխան: Նա չի հիշում Ադրբեջանի ամբողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու …) իրականացված հայերի ջարդերը: Չի հիշում, որ, միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայինների ներգրավմամբ, Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, ինչի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան մարդկային ու նյութական հսկայական կորուստներ: Չի հիշում, թե Ադրբեջանի համար որքան անփառունակ վախճան ունեցավ ուժային այդ արկածախնդրությունը և ում հետ, վերջիվերջո, նա ստիպված եղավ 1994 թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել:

Ալիևը չի լսում միջազգային հանրության կոչերը` վերջ տալու ռազմաշունչ հռետորաբանությանը, շփման գոտուց դուրս բերելու դիպուկահարներին, դադարեցնելու թշնամական քարոզչությունը: Նա լսում է միայն ինքն իրեն, բայց խոսել փորձում է միջնորդների, Հայաստանի, և որ ամենացինիկն է` ԼՂՀ ժողովրդի շահերի դիտակետից:

Անգամ խաղաղության մասին խոսելիս, Ալիևը սպառնում է պատերազմով: Մեկ անգամ Ադրբեջանն արդեն պատերազմ սանձնազերծել է: Ու տրամաբանական կլիներ, եթե այսօրվա չափից ավելի ռազմատենչ Ալիևը հարցներ ինքը իր երեկվա եսին, թե որտեղ էր ինքը թաքնված այն տարիներին, երբ իր հասակակիցներին որպես թնդանոթային միս ուղարկում էին ռազմաճակատ»:

Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները հավաստում են փոխզիջումների իրենց անպատրաստ լինելը: Ապրելով պատրանքների աշխարհում, Ալիևն, ըստ էության, խափանում է բանակցային գործընթացը":