«Իրանի հետ պատերազմն անխուսափելի է»,-գրում է The Washington Times թերթը՝ նշելով, որ ամբողջ խնդիրը այն է, թե երբ կսկսվի այդ պատերազմը։

Հրապարակման մեջ ասվում է, որ իրանական հրթիռները կարող են խոցել Մերձավոր Արեւելքի եւ անգամ եվոպական որոշ տարածքների նպատակակետերը։ Թեհրանը տարածաշրջանում ուժեղացնում է իր ազդեցությունը՝ աջակցելով իրանական ապստամբներին, «Համաս» եւ «Հզբոլլահ» շարժումներին, պայմանավորվածություն ձեռք բերելով Ուգո Չավեսի հետ եւ հարթելով Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համալիրներ ստանալու գործերը։

Թերթը կարծում է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մի տեսակ «պարսկական ֆյուրեր է», որը ջանում է երկրի երեսից ջնջել Իսրայելը։ Ահմադինեջադը վստահ է, որ մահմեդական մեսսիան կգա միայն այն ժամանակ, երբ բոլոր հրեաները բնաջնջված կլինեն։ Հոդվածի հեղինակի խոսքերով, Իրանը մի քանի քայլի վրա է ռումբ ստեղծելուց, նա հասել է այնտեղ, «որտեղից վերադարձ չկա», եւ ինչպես կարծում են Իսրայելի իշխանությունները, արդեն 6-9 ամսից կարող է միջուկային զենք ունենալ։ Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ին երկու տարբերակ է մնում. հավանություն տալ Իրանի միջուկային օբյեկտներին իսրայելական կամ ամերիկյան հարված հասցնելու նախաձեռնությանը կամ թույլ տալ Թեհրանին՝ միջուկային զենք ստանալ։ Երկուսն էլ պատերազմ են նշանակում, վստահ է հոդվածի հեղինակը։